Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 17:02
Ալինե Գրիգորյան

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են համագործակցությունը թվային անվտանգության ոլորտում

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են համագործակցությունը թվային անվտանգության ոլորտում

Արմինֆո. Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոյեմբերի 9-10-ն անցկացվող ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի թվային հարցերով նախարարական առաջին հանդիպման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հաղորդագրության համաձայն,  հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև թվային անվտանգության և բարձր արտադրողականությամբ հաշվարկների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում անվտանգ և վստահելի թվային կապակցվածության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարությանը՝ փոխանակված ՀՀ ԲՏԱ ԵՎ ԱԲ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի և շվեդական զարգացման ֆինանսավորման «Swedfund»-ի միջև: Նամակի նպատակն է համագործակցել Հայաստանի հեռահաղորդակցության 5G ցանցերի անվտանգության, դիմակայունության և վստահելիության ամրապնդման ուղղությամբ։

 

Անդրադարձ է կատարվել նաև «EuroHPC» համատեղ նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության և եվրոպական գերհամակարգչային ռեսուրսներին հասանելիության հնարավորություններին։
 

Կողմերը կարևորել են նշված ուղղություններով համագործակցության զարգացումը՝ Հայաստանի թվային ենթակառուցվածքների անվտանգության ամրապնդման և տեխնոլոգիական ներուժի ընդլայնման տեսանկյունից։