
ԱրմԻնֆո. ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչության (ՍԱՏՏ) պետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան գյուղատնտեսական հարցերով խորհրդական Ռաֆայել Ժոզանին և տնտեսական և տեխնիկական համագործակցության կցորդ Էվան Դա Կոստա Մարկեսին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գյուղատնտեսության, անասնաբուժության և բուսասանիտարական պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստան կենդանիների ներմուծման սանիտարական պայմաններին, Հայաստանից ԵՄ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ենթակա երկրներ ապրանքների արտահանման հեշտացմանը, ինչպես նաև Հայաստանում կենդանիների առողջության և անասնաբուժական վերահսկողության համակարգին: Բացի այդ, քննարկվել են նաև գյուղատնտեսությանը և սննդի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Ֆրանսիացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում հայ մասնագետներին տեղեկատվություն տրամադրել Ֆրանսիայում համաճարակաբանական (անասնաբուժական-սանիտարական) իրավիճակի, այդ թվում՝ կենդանիների վերահսկողության համակարգերի, նույնականացման և հավաստագրման վերաբերյալ: Կողմերը շեշտեցին կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և կայուն համաճարակային իրավիճակի պահպանման կարևորությունը։
Տիգրան Պետրոսյանը առաջարկեց շարունակել աշխատանքները Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող 13 համաձայնեցված անասնաբուժական և բուսասանիտարական վկայականների ցանկի ընդլայնման ուղղությամբ՝ նոր վկայականների ներդաշնակեցման և արտահանման հնարավորությունների ընդլայնման նպատակով։
Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործընկերները ներկայացրեցին նաև Ֆրանսիայի ազգային անասնաբուժական դպրոցի (ENSV-FVI) e-TRAIN հեռավար ուսուցման ծրագիրը։ Տեսչության պետը ողջունեց բաժնի մասնագետների մասնակցությունը այս ծրագրի դասընթացներին՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման, ինչպես նաև տեսուչների որակավորման բարձրացման համար։