Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026 16:51
Ալինա Հովհաննիսյան

Որոշումը լինելու է ոչ թե քաղաքականապես, այլ տնտեսապես  հիմնավորված. Դավիթ Խուդաթյանը՝ ատոմակայանի նոր մոդելի ընտրության մասին

Որոշումը լինելու է ոչ թե քաղաքականապես, այլ տնտեսապես  հիմնավորված. Դավիթ Խուդաթյանը՝ ատոմակայանի նոր մոդելի ընտրության մասին

Արմինֆո. Եթե տնտեսական գնահատականները հանգեցնեն այն հետեւությանը, որ մեզ համար ավելի նպատակահարմար է ավանդական մեծ ատոմակայանը՝ սակագների նկատմամբ ճնշումը նվազեցնելու առումով, ապա մենք կգնանք այդ ճանապարհով։

Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,  լրագրողների խնդրանքով մեկնաբանելով իշխանությունների վերջին հայտարարություններն այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար բավարար չեն լինի փոքր մոդուլային ռեակտորները, ինչի մասին ավելի վաղ խոսվում էր։

 

"Ուզում եմ կրկին ընդգծել, որ դա կլինի ոչ թե քաղաքական որոշում, այլ՝ տնտեսական", - հավելել է նա:

 

Խուդաթյանը հիշեցրել է, որ դատողություններն այն մասին, որ մոդուլային ռեակտորները կարող են Հայաստանին չհամապատասխանել, ի հայտ են եկել էլեկտրաէներգիայի պահանջարկի մեծացման պատճառով՝ երկրում արհեստական բանականության սրընթաց զարգացման, մասնավորապես, գործարանի կառուցման եւ մի շարք նոր նախաձեռնությունների իրականացման պատճառով:

 

Նախարարը նշել է, որ այս պահին Հայաստանը քննարկում է տարբեր երկրների մի քանի առաջարկներ, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնությանն է: Այդ առաջարկները տարբերվում են ֆինանսական գնահատականներով և տեխնիկական բովանդակությամբ։ Կան առաջարկներ փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ, կան առաջարկներ ավանդական տեխնոլոգիաներով աշխատող ատոմակայանի վերաբերյալ։

 

Հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի առջեւ պայմաններ, պահանջներ է դնում գործող Մեծամորի ատոմակայանի աշխատանքի դադարեցման վերաբերյալ, Խուդաթյանը հակադարձել է, նշելով, որ Հայաստանը շարունակում է հաջողությամբ իրականացնել ատոմակայանի շահագործման 2-րդ ծրագրով նախատեսված միջոցառումները: "Եվ մեր ծրագրերն այնպիսին են, որ ատոմակայանը կշարունակի աշխատել երկար ժամանակ, եւ, առնվազն, մինչեւ 2035 թվականը կմնա մեր էներգետիկ համակարգում՝ ապահովելով միջազգային անվտանգության բոլոր պահանջները", - նշել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը: Այդ առումով նա հիշեցրել է ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային Էներգիայի միջազգային գործակալություն) ղեկավարի հետ վերջերս կայացած հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել է ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագիրը: "Մենք հանգել ենք այն եզրակացության, որ ԱԷԿ-ը ոչ միայն կարեւոր, այլեւ անվտանգ օբյեկտ է", - ընդգծել է Խուդաթյանը:

 

Ավելի վաղ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները բազմիցս տարբեր հարթակներում և մակարդակներով պահանջել են փակել Հայաստանի ատոմակայանը, պատճառաբանելով, որ այն սպառնալիք է տարածաշրջանի համար: