Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2026 17:49
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 2-6-ը թե դոլարով, թե ռուբլով գործարքները կրճատվել են

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 2-6-ը թե դոլարով, թե ռուբլով գործարքները կրճատվել են

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 2-6-ն ընկած ժամանակահատվածում թե դոլարով, թե ռուբլով գործարքները նվազել են, ինչի հետ մեկտեղ, արդեն մեկ ամիս  եվրոյով գործարքներ չեն իրականացվում: Մասնավորապես, դոլարային գործարքների անկումը դանդաղել է 32%-ից մինչև 7%, իսկ ռուբլով գործարքների թրենդը 7% աճից շրադարձ է կատարել դեպի 34% անկում։ Այդուհանդերձ, հաջողվել է պահպանել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռությունը դոլարով գործարքների նկատմամբ, սակայն՝ ճեղքվածքի 3,1 անգամից  մինչեւ 2,2 անգամ կրճատմամբ։

 

Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (02-06.11.26, 26.10.26 - 30.10.26 - ի համեմատ) դոլարի առքը սկսել է նվազել վաճառքի աճի պայմաններում, եվրոյով գործարքներում դիտվել է հակառակ պատկերը՝ առքի աճ՝ վաճառքի անկման դեպքում, իսկ ռուբլով գործարքներում առքի անկման արագացումն ուղեկցվել է վաճառքի նախանշվող անկմամբ։

 

Արդյունքում, ս.թ. նոյեմբերի 2-6 - ն ընկած ժամանակահատվածում դրամը սկսել է թուլանալ ինչպես դոլարի նկատմամբ' 360-ից մինչև 360,3 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ' 401,5-ից մինչև 402,5 դրամ/1եվրո, միաժամանակ շարունակելով ամրապնդվել ռուբլու նկատմամբ' 4,20-ից մինչև 4,17 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ. նոյեմբերի 6-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 383,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 440 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,67 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար՝ 6%-ով, 9%-ով և 11%-ով։