
Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ / ICAO) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ռալլոյի հետ։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են ԻԿԱՕ-ի հետ երկարամյա ու սերտ համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխանության ապահովման հարցերին։
Փոխվարչապետը կարևորել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ինստիտուցիոնալ վերակազմակերպման և միջազգային մասնագետների ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքը, որը միտված է ամրապնդելու պետության թռիչքների անվտանգության, վերահսկողության և գործառնական կարողությունները։
Նշենք, որ Հայաստանն ԻԿԱՕ-ի անդամ է 1992 թվականից և շարունակում է համագործակցել կազմակերպության հետ քաղաքացիական ավիացիայի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխանության ապահովման նպատակով: