
Արմինֆո. Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Խաչատրյանը, Սարիկ Մինասյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Հայկ Սուքիասյանն ու Ահարոն Սահակյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Նորվեգիայի խորհրդարանի էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ:
ԱԺ հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրերին, Ռուբեն Մխիթարյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի փորձով՝ տնտեսական աճը բնապահպանական կայունության հետ համադրելու, ինչպես նաև բնական ռեսուրսներն արդյունավետ կառավարելու հարցում:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է համագործակցության ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մակարդակում՝ վստահություն հայտնելով, որ երկրների միջև կապերը բոլոր ոլորտներում օրեցօր առավել կամրապնդվեն:
Մանի Հուսայնին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ Նորվեգիայի և Հայաստանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը հետևողականորեն զարգանում են: Նա ընդգծել է նաև ընդհանուր ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու կարևորությունը:
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել համաժողովը հաջողությամբ կազմակերպելու համար։
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել Նորվեգիայի կառավարությանը Հայաստանի Հանրապետությանը տարբեր ուղղություններով աջակցության համար։
Կողմերն ընդգծել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ի թիվս երկկողմ օրակարգի մի շարք այլ ուղղությունների։ Այս համատեքստում հատկապես կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացումը։
Քննարկվել են Հայաստանում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին։
Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը նոր ազդակ կհանդիսանա Հայաստան-Նորվեգիա խորհրդարանական համագործակցության խորացման համար։