
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում սկսվել են ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուի թեկնածության քննարկումները։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը այդ պաշտոնում առաջարկել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ցուցաբերած վստահության համար շնորհակալություն հայտնելով՝ Սևակ Միքայելյանը ներկայացրել է ԿԲ-ի հիմնական նպատակների վերաբերյալ իր դիտարկումներն ու տեսլականը։ Նա նշել է վերջին տարիներին ԿԲ-ի ձեռքբերումները, որոնց ընթացքում ձևավորվել է անկախ, ցնցումներին դիմակայելու ունակ և ուժեղ կառույց։
ԿԲ-ի հիմնական մանդատը գների զսպումն ու ֆինանսական կայունության ապահովումն է։ Այս խնդիրների լուծման համար ձևավորվել են ամուր ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք հատկապես դրսևորվել են տնտեսական անորոշությունների ժամանակաշրջաններում։
Միքայելյանն իր ելույթում անդրադարձել է երեք հիմնական ուղղությունների, որոնց լուծման գործում ընտրվելու դեպքում տեսնում է իր առաքելությունը։ Մասնավորապես, թեկնածուն մատնանշել է երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացման, ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության աճի, մակրոտնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման կարևորությունը։ Միքայելյանի խոսքով՝ ոչ պակաս կարևոր են կապիտալի շուկաների և ապահովագրության զարգացումը։
Նա նաև անդրադարձել է տեխնոլոգիական նորարարական լուծումների ներդրման և ֆինանսական անվտանգության հարցերին՝ ընդգծելով ֆինանսական խարդախության դեմ պայքարի առաջնահերթությունը, որի համար անհրաժեշտ է համակարգային և հայեցակարգային մոտեցում։ Էներգակիրների գների հնարավոր փոփոխությունները և դրամական փոխանցումների տատանումները կարող են լրջորեն ազդել մակրոտնտեսական կայունության վրա։
Պատասխանելով գազի գնի 69%-ով աճի հնարավորության և դրա՝ մակրոտնտեսական իրավիճակի վրա ազդեցության մասին հարցին՝ թեկնածուն նշել է, որ ԿԲ-ում նման զարգացումների սցենարն արդեն մշակված է։