Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026 15:56
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է

Արմինֆո. Ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման համակարգում իրականացված փոփոխությունների արդյունքում պարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը, ընդլայնվել է ինքնաշխատ նախալրացվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ, որոնք քաղաքացիները կարող են չներառել հայտարարագրում։  Այդ մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը:

Մասնավորապես, ինչպես նշվում է հաղորդագրությունում, 2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող չափահաս ՀՀ քաղաքացիները։ Կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կարող են չհայտարարագրել մինչև 1 մլն դրամի որոշ չհարկվող եկամուտներ, այդ թվում՝ ֆիզիկական անձանցից ստացված փոխառությունները, նվիրատվությունները, գույքի օտարումից ստացված և այլ եկամուտները։ Գործընթացը հեշտացնելու նպատակով համակարգում ինքնաշխատ նախալրացվում են հարկային մարմնին հասանելի տվյալները: Քաղաքացու համաձայնությամբ՝ կարող են նախալրացվել նաև ավանդներից ստացված տոկոսները։ Գործում է նաև նախալրացված հայտարարագրի ինքնաշխատ ներկայացման մեխանիզմը․ սահմանված ժամկետում այն չփոփոխելու և չներկայացնելու դեպքում՝ հայտարարագիրը վերջնաժամկետից հետո համարվում է ներկայացված։ Հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով՝ առանց լիազորագրի նոտարական վավերացման։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 2-ը։ Հաջորդ հաշվետու տարիների համար հայտարարագրերը ներկայացվելու են մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ։

«Կարևոր է ընդգծել, որ հայտարարագրման համակարգի ներդրումը չի ենթադրում նոր հարկային պարտավորությունների սահմանում, այլ նպատակն է ձևավորել քաղաքացիների եկամուտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ սոցիալական և այլ ոլորտներում առավել հասցեական քաղաքականություն իրականացնելու համար։ Միաժամանակ, հետագայում նախատեսվում է ներդնել նաև ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ, որը կմեկտեղի հայտարարագրերի ներկայացման, եկամտային հարկի վերադարձի, հարկերի վճարման և այլ ծառայությունները՝ քաղաքացիների համար ապահովելով առավել պարզ և հարմարավետ թվային միջավայր», - ասվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որը ներդրվում է փուլ առ փուլ: Երկրի ռեզիդենտները պարտավոր են իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային ծառայությունների միջոցով: Հայտարարագրերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները (տարեկան 183 և ավելի օր երկրի տարածքում բնակվող կամ այստեղ կենսական շահեր ունեցող անձինք): Տարբեր փուլերում համակարգը ներառում է պետական ծառայողներին, նոտարներին, փաստաբաններին, խոշոր ընկերությունների մասնակիցներին (բաժնետերեր), վարձու աշխատողներին, անհատ ձեռներեցներին և քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտներ ստացող անձանց: