
Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզում կառուցված "Երեմյան Փրոջեքթս" ընկերության ագրոարդյունաբերական համալիրի գործունեությանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Կոպիրկինին ագրոարդյունաբերական համալիր այցի ընթացքում ուղեկցել են Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան և "Ռուսական արտահանման կենտրոն" ԲԸ ներկայացուցչության ղեկավարը Վ.Դ. Ենոքյանը:
"Այս արտադրության հաջող զարգացման գործում կարևոր դեր են խաղացել ռուսական տեխնոլոգիաներն ու սարքավորումները, ինչպես նաև Ռուսաստանից տոհմային խոշոր եղջերավոր անասունների մատակարարումները", - պատմել են ՌԴ դեսպանատանը:
Նշենք, որ այս տարվա ամռանը ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնն Ալմաթիում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում հաղորդել էր, որ Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջը Հայաստանի տնտեսություն ուղղվող ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի: Նա հիշեցրել էր, որ ի սկզբանե հնգամյա ռազմավարության շրջանակներում նախատեսվում էր 2022-2026 թվականներին ներդնել մոտ 280 մլն դոլար, սակայն արդեն հիմա բանկը, փաստորեն, գերազանցել է այդ ցուցանիշը ՝ շուրջ 380 մլն դոլար ներդնելով Հայաստանում իրականացվող նախագծերում։ Բանկի գործունեության առանցքային ուղղություններից է աջակցությունը փոքր և միջին բիզնեսին: