Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026 19:20
Ալինա Հովհաննիսյան

Կոնստանին Սոկոլով. Թեղուտը ողջ հզորությանը կհասնի 2031 թվականից

Կոնստանին Սոկոլով. Թեղուտը ողջ հզորությանը կհասնի 2031 թվականից

Արմինֆո.Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ձեռք բերման հիմնական նպատակներից մեկը Հայաստանի ռազմավարական կարեւորություն ունեցող հանքային ռեսուրսներին ամերիկյան մատակարարման շղթաների հասանելիության ապահովումն էր:  Ադս մասին, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հայտարարել է ռուսական ծագմամբ ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը՝ Bloomberg-ի հետ հարցազրույցում։

 

Նա ընդգծել է, որ խիստ շահագրգռված է հարավկովկասյան տարածաշրջանում իր գործունեության ընդլայնմամբ, քանի որ խորապես հավատում է դրա միագումար ներուժին: Այդ առնչությամբ Սոկոլովն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության մասին հուշագիրն աննախադեպ իրադարձություն է, որը կարող է արմատապես վերափոխել տարածաշրջանը:

 

Ներդրողը նշել է, որ մինչ օրս Թեղուտի արտադրանքի մեծ մասն արտահանվել է Չինաստան։ Սակայն նա մտադիր է վերակողմնորոշել մատակարարումները դեպի ԱՄՆ՝ նոր առեւտրային պայմանագրեր կնքելով արտադրանքի գնման մասին գործող համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից հետո:

 

Սոկոլովը նախատեսում է տարեկան արտադրությունը հասցնել 120-130 հազար տոննա պղնձի խտանյութի, որը պարունակում է մոտ 26-28 հազար տոննա պղինձ: Նրա խոսքով ՝ նոր արտադրական հզորությունները նախատեսվում է շահագործման հանձնել 2030 թվականին, իսկ ձեռնարկությունն ողջ հզորությանը կհասնի 2031 թվականից:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, հղում անելով Reuters-ին, հաղորդել էր, որ Սոկոլովը տիրապետում է խոշոր հեռահաղորդակցության և հանքարդյունաբերության ակտիվների այս տարածաշրջանում եւ նախկինում ղեկավարել է ներդրումային ֆիրմա, որը կողմնորոշված է դեպի Ռուսաստան եւ գովազդում է Կրեմլի հետ սերտ կապերը, ինչպես ցույց են տալիս Reuters գործակալության ուսումնասիրած փաստաթղթերը:

 

Հիմնադիր փաստաթղթերի համաձայն՝ ռուսական ծագումով 51-ամյա գործարար Կոնստանտին Սոկոլովը հունվարին նշանակվել է ներդրումային հիմնադրամի ղեկավար, որն այժմ կոչվում է Ձեռնարկությունների անդրկասպյան հիմնադրամ: Նա խոշոր բաժնեմասեր ունի Հայաստանի բջջային կապի խոշորագույն ընկերությունում՝ Viva Armenia-ում, և այս տարվա սկզբին ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երկրորդ պղնձամոլիբդենային հանքավայրը՝ այն գնելու համար ԱՄՆ կառավարությունից հատուկ թույլտվություն ստանալուց հետո:

 

Նշենք, որ Թեղուտը պղնձի եւ մոլիբդենի պաշարներով երկրորդ հանքավայրն է Հայաստանում: Նրա գնահատված պաշարները կազմում են շուրջ 450 մլն տոննա հանքաքար, իսկ արտադրական ենթակառուցվածքը ներառում է գործող լեռնահարստացման կոմբինատը:

 

Այն բանից հետո, երբ "Վալլեքս գրուպ" ընկերությունը չկարողացավ սպասարկել վարկային պարտավորությունները, հանքավայրը 2018 թվականին անցավ ՎՏԲ բանկի վերահսկողության ներքո՝ շուրջ 380 մլն դոլար պարտքի դիմաց: 2024 թվականի արդյունքներով բանկի հանդեպ չմարված պարտավորությունների ծավալն արդեն գերազանցում էր 162 մլրդ դրամը կամ մոտ 440 մլն դոլարը:

 

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել դեռևս 2007թ. նոյեմբերին: Պաշարներով Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում՝ Սյունիքի Քաջարանի պղնձի և մոլիբդենի հանքավայրից հետո: Դեռևս 1972 թվականին այնտեղ իրականացվել են լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքում հաստատվել են 450 մլն տոննա հանքաքարի պաշարներ՝ 1,6 մլն տոննա պղնձի և 99 հազար տոննա մոլիբդենի պարունակությամբ ։ Բնապահպանական խնդիրների պատճառով նախագիծը 2018թ. փետրվարին դադարեցվել է: Այն ժամանակ հայտարարվում էր, որ հանքավայրի շահագործումը կարող է շարունակվել միայն մի շարք տեխնիկական եւ բնապահպանական խնդիրների լուծումից հետո, որոնց պատճառով ընկերությունը, փաստորեն, զրկվել էր վարկային աջակցությունից։ 2018 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը լրագրողներին հաղորդել էր, որ ՎՏԲ բանկը ընտրում է Թեղուտի նախագծի նոր օպերատոր: