Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026 15:54
Մարիաննա Մկրտչյան

Փորձագետ. Ադրբեջանը, ունենալով սեփական գազ, տնտեսական շահից դրդված ձգտում է գնել ռուսականը, իսկ Հայաստանը, չունենալով այլընտրանք, փորձում է հրաժարվել դրանից

Փորձագետ. Ադրբեջանը, ունենալով սեփական գազ, տնտեսական շահից դրդված ձգտում է գնել ռուսականը, իսկ Հայաստանը, չունենալով այլընտրանք, փորձում է հրաժարվել դրանից

Արմինֆո.Ադրբեջանը, ունենալով սեփական գազ, պատրաստ է գնել ռուսականը՝ ելնելով տնտեսական շահերից։ Հայաստանը, չունենալով սեփական գազ, քննարկում է ռուսականից հրաժարվելու հնարավորությունը։  Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ Չինաստանի եւ ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Վահե Դավթյանն այդպես է մեկնաբանել "Գազպրոմից" ռուսական գազի գնումները վերսկսելու Բաքվի մտադրության մասին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովի հայտարարությունը:

 

Նա արձանագրել է, որ Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին։ «Ուշագրավ է, որ խոսքը գազի սեփական պաշարներ ունեցող և եվրոպական շուկայում իր դիրքերն ամրապնդող երկրի մասին է։ Հիշեցնեմ, որ 2027 թ.֊ից Բաքուն պարտավորվել է կրկնապատկել դեպի Եվրոպա գազի արտահանումը` հասցնելով դրանք տարեկան 20 մլրդ խմի։

 

Բաքուն բավական պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում։ Ռուսական գազի ներմուծումը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել ներքին պահանջարկը բավարարելու և արտահանման ծավալները պահպանելու համար։

 

Այս ֆոնին ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել ռուսական գազից կախվածության նվազեցման և այլընտրանքային մատակարարումների մասին։ Առավելապես` Ադրբեջանից։

Հետաքրքիր հակադրություն է ստացվում։ Ադրբեջանը, ունենալով սեփական գազ, պատրաստ է գնել ռուսականը՝ ելնելով տնտեսական շահերից։ Հայաստանը, չունենալով սեփական գազ, քննարկում է ռուսականից հրաժարվելու հնարավորությունը։

 

Հ.Գ. Թեև մեծ է հնարավորությունը, որ Լիխաչյովի ու Բելոզյորովի այցերից հետո Երևանի հակառուսական հռետորաբանության աստիճանը շարունակաբար կիջեցվի։ Արդեն է իջեցվում», - գրել է Վահե Դավթյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։