
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Բանգկոկում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի խմբի 2026 թվականի տարեկան ժողովների շրջանակում, հոկտեմբերի 13-ին հանդիպումներ է ունեցել միջազգային վարկանիշային գործակալության, զարգացման և ներդրումային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել տարածաշրջանային տնտեսական զարգացումներին նվիրված կլոր սեղանին։
Մասնավորապես, ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդիպել են Moody’s-ի հանրային, նախագծային և ենթակառուցվածքային ֆինանսավորման գլոբալ ղեկավար Ջենիս Հոֆերբերի, սուվերեն և ենթասուվերեն ռիսկերի խմբի ավագ փոխնախագահ Անուշկա Շահի և սուվերեն ռիսկերի խմբի փոխնախագահի օգնական Մարկուս Յիուի հետ։ Քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարները, հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, պետական պարտքի կայունությունը և տնտեսության դիմակայունության ամրապնդման գործոնները։ Նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի ղեկավարների կլոր սեղանին՝ ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի մասնակցությամբ։ Քննարկվել են արտաքին զարգացումների ազդեցությունը տարածաշրջանի տնտեսությունների վրա և տնտեսական քաղաքականության արձագանքները՝ մակրոտնտեսական կայունության ու դիմակայունության պահպանման տեսանկյունից։
Հաղորդագրության համաձայն, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելա Բասանիի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ IFC-ի փոխնախագահ Ալֆոնսո Գարսիայի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի զարգացման առաջնահերթությունները, ներդրումների ներգրավման և մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը։ Համաշխարհային բանկի թվայնացման և արհեստական բանականության հարցերով փոխնախագահ Սանգբու Քիմի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել պետական կառավարման և հանրային ծառայությունների թվայնացմանը, տվյալների արդյունավետ օգտագործմանը և արհեստական բանականության կիրառման հնարավորություններին՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։
Աղբյուրի համաձայն Մորգըն Ստենլիի զարգացող շուկաների թիմի պորտֆելի կառավարիչ և հետազոտական վերլուծաբան Հուսեյն Խաթաբի և ներդրումների կառավարման գծով փոխնախագահ Պետեր Սեչենիի հետ հանդիպմանը քննարկվել են Կառավարության մակրոտնտեսական քաղաքականությունը, 2027 թվականի բյուջեի հեռանկարները, առողջապահական բարեփոխումների ֆինանսական ազդեցությունն ու ծախսային առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներից բխող տնտեսական հնարավորություններին ու ռիսկերին, առևտրային ուղիներին, ֆինանսական հոսքերին և դրամի փոխարժեքի ձևավորման գործոններին։
Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, հունիսին թարմացնելով կանխատեսումը, չի փոխել Հայաստանի ՀՆԱ-ի աճի սպասումները ՝ 2026 թվականին կանխատեսելով տեմպերի դանդաղում մինչև 5,3 տոկոս, 2027 թվականին աննկատ արագացմամբ՝ մինչև 5,5 տոկոս:
Համաշխարհային բանկը (ՀԲ) նույնպես իր հուլիսյան կանխատեսմամբ պահպանել է Հայաստանի ՀՆԱ-ի 2026 և 2027 թվականների աճի սպասումները՝ կանխատեսելով տեմպերի դանդաղում մինչև, համապատասխանաբար, 5,3% և 5,1%:
Moody's վարկանիշային գործակալությունը ս. թ. հուլիսին հնչեցրել է կանխատեսում, որի համաձայն, Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 և 2027 թվականներին կկազմի 5-5,5%:-