Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026 18:06
Ալինա Հովհաննիսյան

Հայ արտադրողները Բեռլինում մասնակցում են բարային և ալկոհոլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին

Հայ արտադրողները Բեռլինում մասնակցում են բարային և ալկոհոլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին

Արմինֆո. Հոկտեմբերի 12–14-ը Բեռլինում ընթացող «Bar Convent Berlin» (BCB) բարային և ալկոհոլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում Հայաստանն արդեն երկրորդ տարին անընդմեջ ներկայանում է միասնական ազգային տաղավարով։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, այս տարի տաղավարում իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնում 10 հայկական ընկերություններ, որոնք մասնագիտացված են գինու, թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության և բարային ոլորտի ծառայությունների մատուցման մեջ: Մասնակցության նպատակն է հայկական արտադրանքը միջազգային մասնագետներին ու գնորդներին ներկայացնելը և նոր գործարար կապեր հաստատելը։

 

Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի տաղավար են այցելել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը: Այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտադրողների միջազգային ընդլայնման, համագործակցության հնարավոր ուղիներն ու զարգացման նոր առաջարկները:

 

Նշենք, որ Bar Convent Berlin-ի շրջանակներում ամեն տարի Բեռլին են ժամանում  բարերի սեփականատերեր, բարմեններ, դիստրիբյուտորներ ու արտադրողներ գրեթե 90 երկրներից՝ նոր կապեր հաստատելու, արտադրանքի նորարարությունների մասին տեղեկանալու նպատակով: Ծրագիրը բազմազան է և հագեցած դասախոսություններով ու սեմինարներով, փորձագետների հետ քննարկումներով:

 

Նշենք, որ Հայաստանում գինու արտադրության ծավալը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ավելացել է 23,4 տոկոսով՝ կազմելով 4,8 մլն լիտր, կոնյակինը՝ 14,3 տոկոսով՝ մինչև 9,5 մլն լիտր: Ընդ որում, Հայաստանը  47,1 տոկոսով կրճատել է վիսկիի արտադրությունը՝ մինչև 1,3 մլն լիտր, իսկ օղու, լիկյորի և այլ թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությունը ՝ 25,1 տոկոսով ՝ մինչև 818,9 հազար լիտր։