Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026 14:18
Մարիաննա Մկրտչյան

Աստանայում տեղի կունենա ԿԶԵՀ-ի միջազգային տնտեսական խորհրդաժողովը

Աստանայում տեղի կունենա ԿԶԵՀ-ի միջազգային տնտեսական խորհրդաժողովը

Արմինֆո.Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) հոկտեմբերի 29-ին Աստանայում կանցկացնի միջազգային տնտեսական խորհրդաժողով՝ "Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին":

 

Ինչպես հաղորդում է ԿԶԵՀ մամուլի ծառայությունը, խորհրդաժողովը կմիավորի տնտեսական քաղաքականության մարմինների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, փորձագիտական և ակադեմիական հանրության ներկայացուցիչներին՝ քննարկելու եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների երկարաժամկետ աճի հիմնական գործոնները:

 

Խորհրդաժողովի ծրագիրը կառուցված է տնտեսական քաղաքականության գործնական ասպեկտների շուրջ. հավասարակշռված և կայուն աճի ձեռքբերում, եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների աճի ներուժի որոշում, ժողովրդագրական փոփոխություններ և բարձր արտադրողական զբաղվածության աճի համար պայմանների ստեղծում:

 

"Այսօր տարածաշրջանի տնտեսությունների համար հարցն այն չէ, թե ինչպես ավելի արագ աճել, այլ այն, թե ինչպես պահպանել կայուն աճը հինգ, տասը կամ տասնհինգ տարի հետո ։ Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք Աստանայում հավաքել մարդկանց, ովքեր ձևավորում են տնտեսական քաղաքականություն, վերլուծում այն և որոշումներ կայացնում գործնականում։ Հրավիրում ենք գործընկերներին միանալ այս քննարկմանը. որքան շատ լինեն մասնագիտական տեսակետները մեկ սեղանի շուրջ, այնքան ավելի արժեքավոր կլինի արդյունքը", - նշել է ԿԶԵՀ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Ուլատովը։

 

Խորհրդաժողովի բովանդակային մասը կբացի "Պահպանել բարձունքը. տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները նոր ցիկլում" լիագումար նստաշրջանը: Դրա մասնակիցները կքննարկեն տնտեսական աճի աջակցության միջոցառումների համատեղումը մակրոտնտեսական կայունության ապահովման խնդիրների հետ, ինչպես նաեւ կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ վերափոխումները, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանի տնտեսությունների երկարաժամկետ կայունության բարձրացման համար:

 

Առանձին պանելային նստաշրջան նվիրված կլինի ԿԶԵՀ-ի "Տնտեսական աճ, ժողովրդագրություն և աշխատաշուկա. ակնկալիք և իրականություն" առաջատար զեկույցի ներկայացմանը: Զեկույցում ներկայացված են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի աշխատաշուկաների ամփոփ վերլուծության արդյունքները: Մասնակիցները կքննարկեն, թե տնտեսական քաղաքականության համար ինչպիսի մարտահրավերներ կարող են ստեղծել աշխատաշուկաները ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, ժողովրդագրական համատեքստը և կապը տնտեսական աճի հետ: Հատուկ ուշադրություն է դարձվելու բարձր արտադրողական զբաղվածության ստեղծման, աշխատանքային միգրացիայի և ոչ ֆորմալ գործունեության խնդիրներին:

 

Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա երկու կլոր սեղան․ "Եվրասիայի տնտեսությունների աճի ներուժը. ցանկալիի և հնարավորի խաչմերուկում" և "Աշխատատեղեր ստեղծող աճ և տնտեսական աճ ստեղծող աշխատատեղեր":

 

Առաջին սեղանը նվիրված կլինի երկարաժամկետ աճի հնարավորությունների գնահատմանը, ինստիտուցիոնալ, տեխնոլոգիական և ժողովրդագրական պայմանների դերին, ինչպես նաև ներդրումային ակտիվությանը, տնտեսական բարեփոխումներին և դրանց տարածաշրջանային ազդեցությանը:

 

Իսկ երկրորդում փորձագետները կքննարկեն ֆորմալ մասնավոր հատվածի զարգացման խոչընդոտները, տնտեսությունների աճի նոր աղբյուրները, մարդկային կապիտալի դերը եւ բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծման խթանները: