Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2026 19:14

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով

Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում պատվարի ամրաշինական աշխատանքների մեթոդը փոխվում է։ Գրեթե 50 տարի կիրառվող ու իրեն արդարացրած մեթոդի լփոփոխության առաջարկը ներկայացրել են պատվարի լայնածավալ մոնիթորինգ իրականացրած միջազգային հեղինակավոր կազմակերպության մասնագետները։

Նոր մոտեցումը թույլ կտա բարձրացնել պատվարի կայունությունն ու սեյսմակայունությունը՝ նվազեցնելով հնարավոր ռիսկերը։ Պատվարի բարձրացման համար անհրաժեշտ քարագրունտային լցանյութը այժմ վերցվում է պոչամբարի տարածքից։ Հետագայում նախատեսվում է լեռնային զանգվածը տեղափոխել Կապան քաղաքի վարչական տարածքից։

Արդյունքում Կապանի վարչական տարածքում կավելանան հարթ տարածքները, որոնք զարգացող քաղաքում մեծ պահանջարկ ունեն։ Նոր մեթոդի արդյունքում պոչանքն ավելի արագ կջրազրկվի։ Հավաքված ջուրը կուղղվի գործող տեխնիկական պոմպակայան՝ փոշենստեցման և կանաչապատ տարածքների ոռոգման նպատակներով։ Նոր մեթոդ, ավելի կայուն ենթակառուցվածք և ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) և Արծվանիկի պոչամբարը (հաճախ անվանվում է նաև Արծվանիկի պատվար) հանդիսանում են Հայաստանի խոշորագույն լեռնահանքային ձեռնարկության միասնական տեխնոլոգիական և բնապահպանական շղթան։ ԶՊՄԿ-ն իրականացնում է հանքաքարի արդյունահանում և վերամշակում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում։ Վերամշակման ծավալները կազմում են տարեկան շուրջ 22 միլիոն տոննա հանքաքար։ Հարստացուցիչ ֆաբրիկայի թափոնները (այսպես կոչված «պոչերը») մղվում են Արծվանիկի պոչամբար, որը գտնվում է կոմբինատից մոտ 27–32 կմ հեռավորության վրա՝ Կապան խոշորացված համայնքի տարածքում։ Տեղափոխումն իրականացվում է վերգետնյա և ստորգետնյա խողովակաշարերի բարդ համակարգով։ Արծվանիկի օբյեկտը, որը շահագործվում է 1977 թվականից, Հայաստանի ամենամեծ պոչամբարն է։ Դրա հայելային մակերեսը կազմում է մոտ 350–400 հեկտար։