
Արմինֆո.Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է «Pacific Council» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:
ԱԳՄԱ նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության ընթացիկ զարգացումները, ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը և տնտեսական համագործակցությունների բազմազանեցմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղությունից բխող ենթակառուցվածքային ծրագրերով ընձեռնվող հնարավորությունները:
Կազմակերպության անդամների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, էներգետիկ անվտանգության, բնական պաշարների արդյունավետ օգտագործման և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների:
Հիշեցնենք, որ Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհուրդը (Pacific Council on International Policy) զբաղվում է ԱՄՆ արևմտյան ափի քաղաքացիների, գործարար առաջնորդների և փորձագետների ներգրավմամբ գլոբալ օրակարգի քննարկման և ձևավորման մեջ ՝ Կալիֆոռնիայի տեղական փորձը կապելով միջազգային գործընթացների հետ: Կազմակերպությունը հանդես է գալիս որպես անկախ, շահույթ չհետապնդող երկխոսության հարթակ ՝ օգնելով տարածաշրջանի բնակիչներին և առաջնորդներին գիտակցել տեղական գործողությունների և համաշխարհային միտումների միջև փոխադարձ կապը: Քրիստինա Քվինը զզբաղեցնում է Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը: Նա այդ ոչ առևտրային կազմակերպությունը գլխավոորել է 2026 թվականի մարտի 1-ից՝ փոխարինելով դոկտոր Ջերոլդ Գրինին, ով ղեկավարել է կառույցը վերջին 17 տարիներին ։ Մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը Քրիստինա Քվինը պաշտոնապես ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և հրաժարական է տվել ԱՄՆ պետքարտուղարությունից ՝ ավարտելով ավելի քան 30 տարվա գործունեությունը պետական ծառայությունում