Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026 16:44
Ալեքսանդր Ավանեսով

Փաշինյան․Կարևոր ենք համարում երկխոսության շարունակումը՝ ԵԱՏՄ իրավունքին համապատասխան հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ

Փաշինյան․Կարևոր ենք համարում երկխոսության շարունակումը՝ ԵԱՏՄ իրավունքին համապատասխան հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ

Արմինֆո.Հայաստանը վերահաստատում է ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության շարունակականությանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, որը նպատակաուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը։ Հոկտեմբերի 2-ին այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ։

 

Նրա ասելով, Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը։ «Ինչպես բազմիցս նշվել է, «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունն ուղղված է տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Խաղաղության խաչմերուկի» առանցքային բաղադրիչներից մեկը TRIPP-ն է՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի։ Միևնույն ժամանակ, նախագիծը հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցություն ձևավորելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ դա տրանսպորտային կապերի ոլորտում նշանակալի իրադարձություն կդառնա՝ փոփոխություններ բերելով Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։

 

«Նեղ կազմով նիստի ընթացքում ես գործընկերներին տեղեկացրեցի որոշ ասպեկտների մասին, որոնք վերաբերում են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ Մենք որոշակի լուծումների ակնկալիք ունենք, որոնք, մասնավորապես, կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։

 

Նա նաեւ նշել Է ԵԱՏՄ չորս հիմնական կանոնների պահպանման անհրաժեշտությունը․ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, որոնք ԵԱՏՄ միասնական շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։

Միևնույն ժամանակ, այս սկզբունքների գործնական իրականացումը շարունակում է պահանջել հատուկ ուշադրություն։ «Ցավոք, Չոլպոն-Աթայում Միջկառավարական խորհրդի նիստին իմ նախորդ մասնակցությունից ի վեր առկա մի շարք հարցերի ուղղությամբ էական առաջընթաց արձանագրել չի հաջողվել։ Մասնավորապես, պահպանվում են սահմանափակումներ և վարչական խոչընդոտներ, որոնք շարունակում են էապես դժվարացնել միասնական շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։

Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան Հայաստանի արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը։ Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև ինտեգրացիոն համագործակցության հետագա ամրապնդումը», - ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։