Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026 19:08
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը չի փոխել իր դիրքերը Global Innovation Index-ում

Հայաստանը չի փոխել իր դիրքերը Global Innovation Index-ում

Արմինֆո. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 29-ին հրապարակված «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս 2026» (Global Innovation Index, GII) զեկույցի համաձայն՝ Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը`պահպանելով նախորդ տարվա դիրքը։

 

Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, 2026 թվականին Հայաստանը «Ինովացիոն ներդրանք» ցուցանիշով զբաղեցրել է 77-րդ, իսկ «Ինովացիոն վերջնարդյունք» ցուցանիշով՝ 52-րդ տեղը. այս դիրքերն ավելի բարձր են, քան արձանագրվել էր 2025 թվականին։

 

Բացի այդ, Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը և 9-րդ տեղը՝ Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի 18 տնտեսությունների շարքում։

 

2025 թվականի համեմատությամբ Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Ստեղծարար արդյունք», «Գիտելիքի և տեխնոլոգիական արդյունք», «Ենթակառուցվածքներ» և «Շուկայի զարգացվածություն» հենասյուներում։

 

Հիշեցնենք, որ 2024 թվականին GII-ում Հայաստանը զբաղեցրել էր 63-րդ տեղը:

 

Նշենք, որ «Գլոբալ Ինովացիոն Ինդեքսը» կազմվում է 2007 թվականից Քորնելի համալսարանի (ԱՄՆ), INSEAD բիզնես դպրոցի (Ֆրանսիա) և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կոնսորցիումի կողմից: GII-ն տեղեկատվության կարևորագույն աղբյուր է՝ այս կամ այն տնտեսության նորարարական գործունեության արդյունավետությունը գնահատելու համար: Այն հրապարակվում է ամեն տարի և ծառայում է որպես օգտակար գործիք, որն օգտագործում են քաղաքականության ձևավորման պատասխանատուները, բիզնեսի ոլորտի առաջատարները և այլ շահագրգիռ կողմեր՝ որոշակի ժամանակահատվածում նորարարության առաջընթացի համեմատական վերլուծության համար: