
Արմինֆո. Այսօր Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչներին։
ՋԿ-ի հաղորդագրությնա համաձայն, քննարկվել են Ջրային օրենսգրքի վերանայման կամ նոր Ջրային օրենսգիրք մշակելու անհրաժեշտությունը, բնօգտագործման գործող վճարները, ջրային համակարգերի կառավարման ոլորտում Հայաստանի կառավարության որդեգրած վերափոխման տեսլականը։
Այս համատեքստում քննարկվել է նաև ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարումը՝ քաղաքական և տեխնիկական մակարդակներում համակարգող մարմինների ձևավորման, ինչպես նաև տարբեր կառույցների դերերի և պատասխանատվությունների հստակեցման համատեքստում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոռոգման ոլորտում նախատեսվող բարեփոխումներին, մասնավորապես՝ ոռոգման ջուր մատակարարող և ջրօգտագործողների ընկերությունների գործունեության բարելավման, հաշվետվականության մեխանիզմների ուժեղացման, ինչպես նաև սակագնային քաղաքականության կատարելագործման հարցերին։
Հանդիպման վերջում ԱՄՀ պատասխանատուների խնդրանքով՝ ՋԿ նախագահը ներկայացրել է Հողի և ջրի կոմիտեի ստեղծմանն ուղղված աշխատանքների ներկա ընթացքը, ինչպես նաև ծրագրված փոփոխությունից ակնկալվող գլխավոր արդյունքները։