Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026 17:26
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում աղքատության մակարդակը 2025թ․ արդյունքներով 2024 թ․ ցուցանիշից ցածր կլինի. Արսեն Թորոսյան

Հայաստանում աղքատության մակարդակը 2025թ․ արդյունքներով 2024 թ․ ցուցանիշից ցածր կլինի. Արսեն Թորոսյան

Արմինֆո. Հայաստանում աղքատության մակարդակը 2025թ. արդյունքներով 2024թ. ցուցանիշից ցածր կլինի։ Այդ մասին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նշելով, որ 2025թ. վերջնական ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, նա հիշեցրել է, որ 2024թ. արդյունքներով աղքատության մակարդակը կազմել է 21.7%, իսկ ծայրահեղ աղքատությունը ՝ 0.6%:

Երկրում աղքատության հաղթահարման ուղղությամբ արձանագրված հաջողությունների վերաբերյալ իր գնահատականները նախարարը պայմանավորել է 2025թ. ընթացքում երկրում գրանցված մի շարք այլ անուղղակի ցուցանիշներով, այդ թվում ՝ գործազրկության մակարդակով, գործազուրկների, զբաղվածների թվով, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով և այլն:

«Այս բոլոր ցուցանիշները խոսում են միայն այն մասին, որ մեր երկրում աղքատությունը նվազել է և շարունակում է նվազել: Եվ ես վստահ եմ, որ 2025 թվականի հրապարակված ցուցանիշներն ավելի ցածր կլինեն, քան՝ 2024 թվականին», - ասել է Թորոսյանը, նկատելով, որ Հայաստանը մոտ է ծայրահեղ աղքատության վերացմանը։

Մինչդեռ, հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը 2025 թվականի նոյեմբեր ամսվա իր հետազոտության մեջ Հայաստանում աղքատության մակարդակի նվազում էր կանխատեսել գնողունակության պարիտետով (օրական 8.3 դոլար ՝ 2021 թվականին թարմացված ցուցանիշ) ՝ 2024 թվականի 56.2 տոկոսից մինչև 2027 թվականին 53.1 տոկոս։ Ըստ հետազոտության ՝ Հայաստանում աղքատության մակարդակը 2022 թվականին գնողունակության պարիտետի ցուցանիշով կազմել է 55,7%, 2023 թվականին՝ 56,9%, 2024 թվականին՝ 56,2%։