Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026 15:17
Ալինա Հովհաննիսյան

ԶՊՄԿ-ը ներկայացրել է  կայուն զարգացման մասին իր հինգերորդ հաշվետվությունը 2025թ. համար. առաջին անգամ Հայաստանում անցկացվել են TNFD և DMA գնահատումներ

ԶՊՄԿ-ը ներկայացրել է  կայուն զարգացման մասին իր հինգերորդ հաշվետվությունը 2025թ. համար. առաջին անգամ Հայաստանում անցկացվել են TNFD և DMA գնահատումներ

Արմինֆո.  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ներկայացրել է 2025 թվականի իր հինգերորդ կայուն զարգացման հաշվետվությունը, որում ամփոփված են կայուն զարգացման ոլորտում ընկերության հիմնական արդյունքները, կառավարման համակարգում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև առաջիկա ժամանակահատվածի առաջնահերթությունները:

 

ԶՊՄԿ-ի կայուն զարգացման տարեկան հաշվետվության այս տարվա գլխավոր նորություններից մեկը բնական ռեսուրսների ոլորտի ֆինանսական տեղեկատվության  բացահայտման աշխատանքային խմբի (TNFD) շրջանակային համակարգին համապատասխան իրականացված գնահատումն է: ԶՊՄԿ-ը Հայաստանում առաջին ընկերությունն է, որն իրականացրել է TNFD գնահատում ՝ վերլուծելով ընկերության գործունեության և բնության միջև առկա փոխադարձ կապերը, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերն ու հնարավորությունները:

 

Բացի այդ, 2025 թվականի հաշվետվության շրջանակներում առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA), որը թույլ է տալիս կայուն զարգացման խնդիրները դիտարկել ինչպես ընկերության գործունեության վրա դրանց ազդեցության, այնպես էլ շրջակա միջավայրի և հասարակության վրա ընկերության գործունեության ազդեցության տեսանկյունից:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԶՊՄԿ մամուլի ծառայությունից, հաշվետվության պատրաստման ընթացքում ընկերությունն արդեն երրորդ տարին անընդմեջ համագործակցում է KPMG Armenia-ի հետ, իսկ թվով արդեն երրորդ հաշվետվության արտաքին աուդիտն իրականացնում է Grant Thornton Armenia ընկերությունը: Վերջինս պատրաստվել է հաշվետվությունների գլոբալ նախաձեռնության (GRI) և կայուն զարգացման բնագավառի հաշվառման ստանդարտների խորհրդի (SASB - Sustainability Accounting Standards Board) ուղեցույցներին համապատասխան:

 

Հաշվետվությունը սեպտեմբերի 15-ին ներկայացվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) ՝ մասնագիտական հանրության, պետական կառույցների, գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը:

 

Մասնավորապես, կոմբինատի գլխավոր տնօրենը նշել է, որ կայուն զարգացումը շարունակական ուղի է, որի ընթացքում փոխվում են միջազգային ստանդարտները, հասարակության եւ ներդրողների ակնկալիքները, ինչի կապակցությամբ մշտապես զարգանում է նաեւ ձեռնարկությունը: "Մեր նպատակն է կառուցել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություն, որը կարող է մրցունակ լինել գլոբալ մակարդակում եւ միաժամանակ բավարարել ավելի բարձր պահանջներ բնապահպանության, անվտանգության, սոցիալական պատասխանատվության, կորպորատիվ կառավարման եւ թափանցիկության ոլորտներում", - նշել է Ռոման Խուդոլին:

 

Միջոցառման ընթացքում ԱՊՀ-ի, ԶՊՄԿ-ի և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է "Ինստիտուցիոնալ համագործակցության մասին հուշագիր": Ինչպես նշել է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, շուտով բուհը նույնպես կներկայացնի կայուն զարգացման մասին հաշվետվություն, որի պատրաստմանն աջակցություն կցուցաբերի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

 

Աղբյուրի համաձայն, հաշվետվության շնորհանդեսի ժամանակ մասնակիցները քննարկել են կայուն զարգացման ոլորտում գործող և օրենսդրությամբ նախատեսվող հաշվետվողականության պահանջները, ինչպես նաև Հայաստանի մասնավոր հատվածում կայուն զարգացման հիմնական միտումները:

 

Հաշվետվությունից հայտնի է դարձել, որ ընկերությունը մշակել է նաև Կլիմայի փոփոխության 2026-2040թթ. ռազմավարությունը, որն արտացոլում է ընկերության հանձնառությունը ՝ ամրապնդելու կլիմայական հարցերի կառավարման համակարգը, իր գործունեությունը համապատասխանեցնելու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում Հայաստանի կլիմայական պարտավորություններին և նպաստելու երկրի անցմանը ցածր ածխածնային և կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն տնտեսության:

 

Ռազմավարությունը սահմանում է ԶՊՄԿ-ի երկարաժամկետ կլիմայական հավակնությունները, ինչպես նաև կոնկրետ նպատակները, դրանց իրականացմանն ուղղված միջոցառումները, կառավարման մեխանիզմները և պատասխանատվության ոլորտները, որոնք ուղղված են ընկերության գործունեության շրջանակներում կլիմայի հետ կապված ռիսկերի և հնարավորությունների արդյունավետ կառավարմանը:

 

Միաժամանակ, շարունակվել է «Արծվանիկ» պոչամբարի կառավարման և մոնիթորինգի համակարգերի կատարելագործումը' համաձայն միջազգային առաջատար փորձի և GISTM-ի (Global Industry Standard on Tailings Management-պոչամբարների կառավարման գլոբալ ոլորտային ստանդարտ) պահանջների:

 

Հրապարակված հաշվետվության համաձայն, 2025 թվականին ընկերության ընդհանուր եկամուտը կազմել է 723 մլն դոլար՝ տարվա ընթացքում աճելով 1,4 տոկոսով։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը պահպանել է իր դիրքերը Հայաստանի խոշոր հարկատուների շրջանում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը: Այս փոփոխությունը, հիմնականում, պայմանավորված է ռոյալթիների գանձումների ավելի ցածր մակարդակով ՝ նախորդ տարի արձանագրված բացառիկ բարձր ցուցանիշի համեմատ։ Պետական բյուջե վճարումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 73,5 մլն դոլար՝ ներառյալ շահութահարկը (34,7 մլն դոլար) և ռոյալթիները (38,86 մլն դոլար), ինչը վկայում է պետական ֆինանսների ապահովման գործում ընկերության ունեցած ներդրման մասին: Պղնձի խտանյութի արտադրության ծավալը 2025թ. կազմել է 203,919 տոննա, մոլիբդենի խտանյութինը՝ 15,548 տոննա։ ԶՊՄԿ-ի սոցիալական ներդրումները կազմել են 18.2 մլն, ընդհանուր առմամբ, պահպանելով 2024 թվականի ներդրումների մակարդակը։ Դրանց զգալի մասն ուղղվել Է Քաջարան և Կապան խոշորացված համայնքներ։ Ընկերության ուղղակի ներդրումը համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) գնահատվում է 2,5%: Աշխատակիցների թիվը կազմում է 4,828՝ 2024թ. համեմատ 3,7% աճով։ Հանքարդյունաբերության պատասխանատու վարման և շրջակա միջավայրի պահպանության սկզբունքներին հավատարիմ մնալու շրջանակներում ԶՊՄԿ-ը շարունակում է հողերի փուլային վերականգնումը՝ ընթացիկ գործունեությանը զուգահեռ: Մասնավորապես, վերականգնվել է 42,53 հա հողատարածք, տնկվել է 2 880 կգ սերմ, 4 209 ծառ, 340 թուփ: Հաշվետվությունում նաև նշվում է, որ 2025 թվականին շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության պահպանության հարցերը ԶՊՄԿ օրակարգում ավելի կարևոր տեղ են զբաղեցրել, քանի որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): «Մենք համոզված ենք, որ հատկապես կարևոր է ցույց տալ այն դիրքորոշումը, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը կարող է և պետք է լինի բնության, կլիմայի, բնական ռեսուրսների և կայուն ապագայի վերաբերյալ ավելի լայն ազգային և միջազգային երկխոսության անբաժանելի մասը: ԶՊՄԿ-ն ունի ավելի քան 70 տարվա պատմություն ։ Այնուամենայնիվ, ընկերության կայունությունը որոշվում է ոչ միայն իր անցյալով, այլև զարգանալու, սովորելու, պատասխանատվություն ստանձնելու և վստահորեն առաջ շարժվելու ունակությամբ: 2025 թվականի ձեռքբերումները հաստատում են մեր հանձնառությունն այդ ճանապարհին", - հաշվետվությունում մեջբերվում են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի խոսքերը։ Զեկույցի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ  հետևյալ հղումով․  https://www.zcmc.am/upload/iblock/214/athygjzyz34z22rzw28l1fjz8b07nstj/Sustainability-Report_2025.pdf։

 

Հիշեցնենք, որ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ - ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի հանքաքարով ապահովվածությունը կազմում է շուրջ 150 տարի։