
Արմինֆո. Հայաստանում պահանջարկը բավականին ընդլայնվել է և իր հետ բերել գնաճային ռիսկեր։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Որոշակի պահից, նրա ասելով, նկատելի է դարձել, որ Հայաստանում գնալով ավելանում են այցելուները, որոնք այստեղ ավելի երկար են մնում՝ դրանով իսկ ստեղծելով պահանջարկ։
"Հիմա հարցն այն է, թե ինպիսին է այդ պահանջարկը․ այն ձևավորում է ՀՆԱ դրա ներուժի մեծացման հեռանկարով, թե՞ դա պահանջարկ է, որն ազդեցություն կունենա գների վրա և հետո կանհետանա։ Մենք, օգտագործելով ռիսկերի համադրման մեր մեխանիզմն ու ֆրեյմվորքը, հանգել ենք այն եզրակացության, որ տեսնում ենք գնաճի ընդլայնման ռիսկ, որին պետք է պատշաճ կերպով արձագանքել", - ասել է նա՝ դրանով իսկ պայմանավորելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու որոշումը։
Երկրում, ինչպես նշել է Գալստյանը, շատացել են մարդիկ, ովքեր սպառում են մեր տնտեսության բարիքները, ինչն իր հետևից բերում է և գնաճ, և ներմուծման աճ, և այլ երևույթներ:
"Այն տեղեկատվությունը, որին մենք տիրապետում ենք, հուշում է, որ առկա պահանջարկը շատ ավելի բարձր է, քան մեր ՀՆԱ-ի ներուժը, որ output gap-ը դրական է (թողարկման դրական բացը, պարզ ասած, տնտեսությունը "գերտաքացել է" - խմբ.), եւ տեսնում ենք այդ gap-ի ավելացման ռիսկ։ Բացի այդ, թարմ հարցումը ցույց է տվել, որ անհամեմատ ավելի շատ մարդիկ սկսել են հակվել բարձր գնաճային սպասումների, եւ որպեսզի դա խարսխենք եւ հետագայում չզղջանք ձեռնարկված միջոցների համար, մենք որոշեցինք բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը", - պարզաբանել է նա։
Նշենք, որ 2026թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5%-ից բարձրացրել է մինչեւ 6.75% ՝ ինն ամիս այն նույն մակարդակի վրա պահելուց հետո: