Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026 15:06
Ալինա Հովհաննիսյան

ԱՏՁՄ-ը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ քննարկել է համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները

ԱՏՁՄ-ը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ քննարկել է համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները

Արմինֆո. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհուրդը և ռազմավարական անդամները «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը։

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները, ոլորտի մարտահրավերներն ու պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

Քննարկման առանցքում են եղել ներդրումային միջավայրի կանխատեսելիության բարձրացման, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման, մարդկային կապիտալի զարգացման և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանն ուղղված քայլերը։

 

Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ ԱՏՁՄ-ի հետ հանդիպումը կարևոր հնարավորություն է տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների առաջնահերթություններն ու առաջարկներն անմիջականորեն լսելու, ինչպես նաև ոլորտի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի նոր հնարավորությունները քննարկելու համար։

 

Նախարարը կարևորել է պետության և մասնավոր հատվածի միջև բաց, կառուցողական և շարունակական երկխոսությունը՝ նշելով, որ ոլորտային քաղաքականության արդյունավետությունը մեծապես կախված է տեխնոլոգիական համայնքի մասնագիտական փորձի և առաջարկների պատշաճ ներառումից։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հնարավորություններին:

 

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2026թ. առաջին կիսամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հասույթը կազմել է 341.1 մլրդ դրամ, ինչը 14.3%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։