Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026 12:44
Ալինա Հովհաննիսյան

ԿԲ․ Ապագա սերունդների հիմնարար հմտությունների բարելավումը կարող է Հայաստանին բերել տարեկան ՀՆԱ-ի հնգապատիկի չափով ազդեցություն

ԿԲ․ Ապագա սերունդների հիմնարար հմտությունների բարելավումը կարող է Հայաստանին բերել տարեկան ՀՆԱ-ի հնգապատիկի չափով ազդեցություն

ԱրմԻնֆո. Հայաստանի հիմնական խնդիրը ոչ միայն նոր ուսումնական ներուժի ձևավորումն է, այլև արդեն առկա մոտիվացիան, աջակցող միջավայրը և տեխնոլոգիաների կիրառումը արդյունավետ ուսուցման ու չափելի հմտությունների վերածելը։ Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ)՝ <Չիրացված կրթական ներուժ. ինչ է ցույց տալիս PISA-ի գնահատականը Հայաստանի համար> թեմայով հետազոտության մեջ։

Նշենք, որ PISA-ն ՏՀԶԿ-ի կողմից երեք տարին մեկ անցկացվող հետազոտություն է, որը գնահատում է, թե 15-ամյա աշակերտներն որքանով են ունակ

դպրոցում ստացած գիտելիքները կիրառելու գործնական խնդիրների լուծման համար։ Հայաստանն այս տարի առաջին անգամ է մասնակցել այս հետազոտությանը (293 դպրոցների 6 804 15-ամյա աշակերտ)։

Հղում անելով PISA-ի արդյունքներին՝ ԿԲ-ն նշել է, որ ՏՀԶԿ երկրների համեմատ՝ Հայաստանի աշակերտների վերաբերմունքն ուսման նկատմամբ ոչ պակաս դրական է, իսկ որոշ ցուցանիշներով նույնիսկ ավելի բարենպաստ։ Աշակերտների 72%-ը նշում է, որ հետաքրքրասիրություն է ցուցաբերում, ինչը գործնականում համապատասխանում է ՏՀԶԿ-ի ցուցանիշին, իսկ 65%-ը լրացուցիչ ջանքեր է գործադրում, երբ առաջադրանքն ավելի բարդ է դառնում՝ ՏՀԶԿ երկրներում գրանցված 60%-ի համեմատ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի աշակերտների միայն 15%-ն է դպրոցը համարում ժամանակի անիմաստ վատնում՝ ՏՀԶԿ երկրներում գրանցված 24%-ի համեմատ։ Աշակերտների մեծ մասը նաև հայտնում է ուսման նկատմամբ ինքնուրույն մոտեցման և անհրաժեշտության դեպքում օգնության դիմելու մասին. շուրջ 60%-ը պլանավորում է իր ուսումը, 58%-ը փորձում է ստուգել՝ արդյոք հասկացել է նյութը, իսկ 82%-ը անհրաժեշտության դեպքում դիմում է ուսուցչին։  <Այս դրական պատկերի համադրումը ցածր առաջադիմության հետ թույլ է տալիս ենթադրել, որ խնդիրը միայն աշակերտների մոտիվացիայի կամ ուսուցիչների և աշակերտների միջև հարաբերությունների մեջ չէ։ Ուսուցման պայմաններում առկա են ավելի հիմնարար սահմանափակումներ. աշակերտների 49%-ը սովորում է այնպիսի դպրոցներում, որտեղ նյութական ռեսուրսների պակասը խոչընդոտում է ուսումնական գործընթացին, իսկ 39%-ը՝ ենթակառուցվածքային խնդիրներ ունեցող դպրոցներում։ Հատկապես սուր է հաճախումների խնդիրը. գնահատմանը նախորդած երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի աշակերտների 58%-ը բաց է թողել առնվազն մեկ ամբողջ ուսումնական օր, իսկ 59%-ը  - առնվազն մեկ դաս։ Համեմատության համար՝ ՏՀԶԿ երկրներում համապատասխան ցուցանիշները կազմել են 22% և 24%։

Նույն չիրացված ներուժը նկատելի է նաև թվային միջավայրում։ Հայաստանում աշակերտները դպրոցում ուսումնական նպատակներով թվային սարքերն օրական միջինում օգտագործում են 2,2 ժամ՝ ՏՀԶԿ երկրներում գրանցված 1,7 ժամի համեմատ, իսկ 49%-ը արհեստական բանականությամբ չաթ-բոտներն օգտագործում է առնվազն շաբաթը մեկ անգամ։  Սակայն թվային խնդիրների լուծման միջին արդյունքը կազմում է ընդամենը 354 միավոր՝ ՏՀԶԿ-ի միջին 500 միավորի համեմատ, ինչը նշանակում է, որ թվային տեխնոլոգիաների հասանելիությունն ու օգտագործումն առայժմ չեն ձևավորում համապատասխան թվային, վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ>, - ասվում է աղբյուրում։

Նշենք, որ Հայաստանի արդյունքները բոլոր չորս ուղղություններով զգալիորեն ցածր են ՏՀԶԿ-ի միջին ցուցանիշից։ Բնագիտական առարկաների և ընթերցանության ոլորտներում տարբերությունը կազմում է 113 միավոր, իսկ մաթեմատիկայում  - 87 միավոր։ PISA-ում կիրառվող մոտավոր համադրության համաձայն՝ 20 միավորի տարբերությունը համապատասխանում է մեկ ուսումնական տարվա ընթացքում գրանցվող առաջընթացին։ Այսպիսով, Հայաստանի և ՏՀԶԿ-ի միջին ցուցանիշների միջև հիմնական ուղղություններով տարբերությունը համարժեք է ուսման մեջ մոտավորապես 4-6 տարվա հետ մնալուն։

Թվային խնդիրների լուծման ուղղությամբ ճեղքվածքն ավելի մեծ է. Հայաստանի միջին ցուցանիշը կազմում է 354 միավոր՝ ՏՀԶԿ-ի 500 միավոր միջին ցուցանիշի համեմատ։ Ավելին, Հայաստանի արդյունքը մոտ 42 միավորով ցածր է այն մակարդակից, որն ակնկալելի կլիներ՝ հաշվի առնելով բնագիտական ոլորտի արդյունքները։ Սա վկայում է այն մասին, որ թվային խնդիրների լուծման ցածր արդյունքները պայմանավորված են ոչ միայն առաջադիմության ընդհանուր ցածր մակարդակով, այլև թվային և հաշվողական հմտությունների ավելի համակարգային պակասով։

Այս տարբերություններն արտացոլվում են նաև Հայաստանի վարկանիշային դիրքերում. բնագիտական ոլորտում երկիրը 91 մասնակցի շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը, ընթերցանության ոլորտում  - 79-րդ տեղը (90-ից), մաթեմատիկայում  - 73-րդ տեղը (90-ից), իսկ թվային խնդիրների լուծման ուղղությամբ  - 83-րդ տեղը (85-ից)։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը բոլոր ուղղություններով մասնակից երկրների ստորին քառորդում է, իսկ թվային խնդիրների լուծման ոլորտում  - ամենացածր արդյունքներ գրանցած երկրների շարքում։  Բացի այդ, Հայաստանում 15-ամյա աշակերտների 58,1%-ը առնվազն ուղղություններից մեկով չի հասնում բազային՝ Level 2 մակարդակին, մինչդեռ ՏՀԶԿ երկրներում այդ ցուցանիշը կազմում է 19,7%։ Այդ մակարդակին չհասնող աշակերտները դժվարություններ են ունենում, օրինակ, պարզ գրաֆիկից տվյալներ կարդալու կամ գնի և քանակի միջև պարզ փոխկապակցվածությունը հասկանալու հարցում։  Միևնույն ժամանակ, Հայաստանում բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների (Level 5 կամ 6) մասնաբաժինը կազմում է ընդամենը 0,8%՝ ՏՀԶԿ երկրների 11,9%-ի համեմատ, ինչի արդյունքում այս ցուցանիշով երկիրը զբաղեցնում է 69-րդ տեղը։

Ցածր առաջադիմությունը համատարած բնույթ ունի՝ համեմատաբար փոքր, բայց նկատելի սոցիալ-տնտեսական և գենդերային տարբերություններով։ ԿԲ-ի համաձայն՝ միջազգային տնտեսական հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության ճանաչողական հմտությունները կամ <գիտելիքի կապիտալը> սերտորեն կապված են երկրների երկարաժամկետ տնտեսական աճի հետ (Hanushek and Woessmann,

2012)։ Հիմնական հմտությունների ավելի բարձր մակարդակը ժամանակի ընթացքում արտահայտվում է ավելի արտադրողական աշխատուժով, նոր տեխնոլոգիաները յուրացնելու և նորարարություններ ներդնելու ավելի մեծ կարողությամբ, ինչպես նաև ավելի բարձր եկամուտներով։ Այս իմաստով PISA-ն ոչ միայն կրթական համակարգի ներկա վիճակի գնահատականն է, այլև երկրի ապագա աշխատուժի որակի, արտադրողականության և երկարաժամկետ աճի ներուժի վաղ ցուցիչը։

Կենտրոնական բանկն իր հետազոտության մեջ անդրադարձել է նաև տնտեսական աճի վրա ազդեցությանը, որը գնահատվում է այն ենթադրությամբ, որ կրթական արդյունքների բարելավումն անմիջապես չի հանգեցնում ամբողջ աշխատուժի որակի բարձրացմանը։ Հմտությունների ավելի բարձր մակարդակ ունեցող սերունդներն աստիճանաբար մտնում են աշխատաշուկա, մեծացնում են իրենց մասնաբաժինը աշխատուժում և ժամանակի ընթացքում բարձրացնում են տնտեսության արտադրողականությունն ու ՀՆԱ-ի մակարդակը։  Այդ պատճառով ազդեցությունը գնահատվում է 80-ամյա հորիզոնում՝ հմտությունների բարելավման դեպքում և առանց դրա ապագա ՀՆԱ-ի արժեքների համեմատության միջոցով։

ԿԲ-ի գնահատմամբ՝ եթե ապագա սերունդները հասնեն առնվազն հիմնական հմտությունների մակարդակին, դրանից բխող երկարաժամկետ տնտեսական օգուտների ներկա արժեքը կարող է կազմել Հայաստանի ներկայիս տարեկան ՀՆԱ-ի մոտ հնգապատիկը։

Հիշեցնենք, որ PISA-ն ՏՀԶԿ-ի կողմից երեք տարին մեկ անցկացվող հետազոտություն է, որը գնահատում է, թե 15-ամյա աշակերտներն որքանով են ունակ դպրոցում ստացած գիտելիքները կիրառելու գործնական խնդիրների լուծման համար։

 

2025 թվականին անցկացված հետազոտությունն ընդգրկում է չորս հիմնական ուղղություն՝ բնական գիտություններ, ընթերցանություն, մաթեմատիկա և թվային խնդիրների լուծում (computational problem solving), որն առաջին անգամ է ներառվել հետազոտության մեջ։