Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026 20:52
Ալինա Հովհաննիսյան

Ֆրանսիայի առաջատար CEA-Leti գիտահետազոտական ինստիտուտը դիտարկում է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները

Ֆրանսիայի առաջատար CEA-Leti գիտահետազոտական ինստիտուտը դիտարկում է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիական ինստիտուտ CEA-Leti-ի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) ներկայացուցիչներ։

 

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Գասպարյանը կարևորել է CEA-Leti-ի հետ համագործակցությունը, ընդգծելով, որ Հայաստանի համար նման գործընկերությունը կարևոր է ոչ միայն առանձին տեխնոլոգիական նախաձեռնությունների, այլև երկրի տեխնոլոգիական և գիտահետազոտական ներուժի զարգացման, բարձր ավելացված արժեք ստեղծող տնտեսության ձևավորման և միջազգային շուկաներում Հայաստանի դիրքերի ամրապնդման տեսանկյունից։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և CEA-Leti-ի միջև միկրոէլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների, ֆոտոնիկայի, թվային տեխնոլոգիաների և հետազոտությունների ու մշակումների (R&D) ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

 

Տիգրան Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա մասնագիտական ներուժը, գիտահետազոտական և կրթական հաստատությունների կարողությունները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության գործիքները։

 

Կողմերն անդրադարձել են Հայաստանի բուհերի և գիտահետազոտական կառույցների՝ CEA-Leti-ի հետ համատեղ ծրագրերում ներգրավման հնարավորություններին, այդ թվում՝ ուսանողների և հետազոտողների համար պրակտիկայի ու PhD ծրագրերի, համատեղ հետազոտական նախագծերի, ինչպես նաև միջազգային ֆինանսավորման ծրագրերի շրջանակում համագործակցության հեռանկարներին։

 

Տիգրան Գասպարյանը նշել է, որ Հայաստանի նպատակն է զարգացնել տեխնոլոգիական և գիտահետազոտական կարողությունները՝ միաժամանակ դրանք կապելով գլոբալ շուկաների և միջազգային գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ CEA-Leti-ի հետ համագործակցությունը կարող է կարևոր դեր ունենալ այդ գործընթացում։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և դիտարկել համագործակցության կոնկրետ ուղղությունների ձևավորման հնարավորությունները։

 

Նշենք, որ ֆրանսիական CEA-Leti (Laboratoire d 'electronique et de technologie de l' information), տեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտը մտնում է Ֆրանսիայի ատոմային էներգիայի և էներգիայի այլընտրանքային աղբյուրների կոմիսարիատի (CEA) կազմի մեջ ։ Հիմնադրվել է 1967 թվականին և գտնվում է Գրենոբլում։ CEA-Leti զբաղվում է միկրո և նանոտեխնոլոգիաներով, միկրոէլեկտրոնիկայով, կիսահաղորդիչներով, ֆոտոնիկայով և թվային տեխնոլոգիաներով, ինչպես նաեւ կիրառական հետազոտություններով և տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունաբերությունում՝  համագործակցելով խոշոր ընկերությունների, սթարթափների և գիտական կազմակերպությունների հետ: CEA-Leti-ում աշխատում են ավելի քան 2 հազար մասնագետներ։