Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026 17:15
Ալինա Հովհաննիսյան

Երևանում բացվել է Armenia EXPO 2026 միջազգային համաժողով-ցուցահանդեսը

Երևանում բացվել է Armenia EXPO 2026 միջազգային համաժողով-ցուցահանդեսը

Արմինֆո.Երևանում բացվել է Armenia EXPO 2026 միջազգային առևտրաարդյունաբերական համաժողով-ցուցահանդեսը:

 

Միջոցառումը խոշորագույններից մեկն է Հայաստանում և ողջ տարածաշրջանում, որը միավորում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, ԱՊՀ երկրների, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խոշորագույն արտադրողներին՝ հնարավորություն տալով նրանց համարժեք և արդյունավետ ներկայացնել իրենց արտադրանքը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը մասնակցել է «Armenia EXPO 2026» ցուցահանդեսային ֆորումին,  շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և սարքավորումներին։

 

Իր ողջույնի խոսքում Տիգրան Գասպարյանը նշել է, որ Հայաստանի կառավարության քաղաքականության նպատակն է բարձրացնել արտադրողականությունը, ներգրավել ներդրումներ, ներդնել նոր տեխնոլոգիաներ, զարգացնել արտադրությունը և մեծացնել արտահանման հնարավորությունները։

 

«Այսօր Հայաստանի արդյունաբերության զարգացման մեր տեսլականը հստակ է․ մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն, որը ստեղծում է բարձր ավելացված արժեք և կարողանում է արժանի տեղ զբաղեցնել միջազգային շուկաներում», - նշել է Տիգրան Գասպարյանը։ -0-