Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026 16:59

IDBank-ը զգուշացնում է Telegram-ում գումարի շորթման նոր սխեմայի մասին

IDBank-ը զգուշացնում է Telegram-ում գումարի շորթման նոր սխեմայի մասին

Արմինֆո.Telegram-ի ռուսալեզու տիրույթում, այդ թվում՝ Հայաստանից օգտատերերի շրջանում, լայն տարածում է ստանում զեղծարարների նոր սխեման։ Նրանք մեսենջերի գործիքների ու հոգեբանական ճնշման միջոցով սպառնում են օգտատերերին և գումար կորզում՝ հաշիվների հասանելիությունը պահպանելու դիմաց։

 

Խաբեության մեխանիզմը մեկ հպումից մինչև  սպառնալիք

  • Խայծ։ Օգտատերը ստանում է Telegram bot-ի հղում՝ հարցման կամ մրցանակների խաղարկության մասնակցության,  նվերի ստացման կամ հաշվի վավերացման պատրվակով։ Համոզիչ թվալու համար bot-ի անունը և ձևավորումը կարող են նման լինել պաշտոնական ծառայություններին, ինչպիսիք են Telegram Support-ը, Wallet-ը կամ BotFather-ը։
  • «Start» կոճակ։ Զոհին խնդրում են ակտիվացնել bot-ը։ «Start» կոճակը սեղմելն ինքնին զեղծարարներին չի փոխանցում ձեր հաշվի վերահսկողությունը, սակայն ցույց է տալիս, որ օգտատերը արձագանքել է խայծին և պատրաստ է հետագա գործողություններին։
  • Շորթում և սպառնալիքներ։ Bot-ն ակտիվացնելուց անմիջապես հետո օգտատիրոջը սկսում է գրել զեղծարարը։ Ճնշման սցենարը մեկն է․ զեղծարարները պնդում են, որ «Start» կոճակը սեղմելով՝ օգտատերը դարձել է վնասաբեր bot-ի «սեփականատեր»։ Նրանք սպառնում են գումար չփոխանցելու դեպքում օգտագործել իրենց հաշիվների ցանցը՝ տվյալ bot-ի դեմ զանգվածային բողոքներ ուղարկելու համար։ Հարթակի կանոնների համաձայն՝ Telegram-ի ալգորիթմները կարող են արգելափակել ոչ միայն bot-ը, այլև այն հաշիվը, որը փոխազդել է դրա հետ կամ որին այն կապված է։ Զոհին ահաբեկում են անձնական պրոֆիլի, նամակագրության և կոնտակտների լիակատար ու անվերադարձ կորստով։

 

Կարևոր հանգամանք

 

Սխեմայի գլխավոր զենքը Telegram-ի տեխնիկական խոցելիությունը չէ, այլ հոգեբանական ճնշումը։ «Start» կոճակը սեղմելն ինքնին զեղծարարներին իրավունք չի տալիս կառավարել կամ հեռացնել ձեր օգտահաշիվը։

Պետք չէ հավատալ նաև այն պնդումներին, թե մի քանի բողոքն ինքնաբերաբար կհանգեցնի ձեր պրոֆիլի հեռացմանը։ Telegram-ն ուսումնասիրում է ստացված բողոքները, ուստի «զանգվածային բողոքներ ներկայացնելու և էջը հեռացնելու» սպառնալիքը դեռևս չի նշանակում, որ զեղծարարներն իսկապես ունեն նման հնարավորություն։

 

 

Իրավաբանական ծուղակ

Եթե դուք ինքներդ եք գումար փոխանցել զեղծարարներին, բանկային գործարքը համարվում է կամավոր կատարված և ձեր կողմից հաստատված, ուստի հետագայում նման փոխանցման վերադարձը չափազանց բարդ է։ Միևնույն ժամանակ, գումարի վճարման հետ կապված զեղծարարները որևէ պարտավորվածություն չեն կրում․ նրանք կարող են շարունակել գումարի շորթումը։ Հետևաբար, «գումար վճարելով խնդիրը լուծելու» փորձը գրեթե երբեք արդյունավետ ելք չէ։

 

IDBank-ը խորհուրդ է տալիս

  • Մի ակտիվացրեք անծանոթ bot-եր։ Հատկապես եթե դրանք խորհուրդ են տվել անծանոթ մարդիկ չատերում կամ հղումով անցնելու դեպքում խոստացել են նվեր։
  • Եթե արդեն ակտիվացրել եք, ապա գումար մի փոխանցեք։ Վճարումը զեղծարարներին չի կանգնեցնում, միայն ցույց է տալիս, որ դուք պատրաստ եք ավելի շատ վճարել։
  • Միանգամից արգելափակեք bot-ը և բողոք ներկայացրեք դրա դեմ Telegram-ում։ «Արգելափակել և բողոքել» գործառույթը հասանելի է Telegram հավելվածում։
  • Պահպանեք նամակագրության screenshot-երը։ Դրանք անհրաժեշտ կլինեն Telegram-ի աջակցման ծառայությանը և իրավապահ մարմիններին դիմելու ընթացքում։

 

Հիշե՛ք․ այս սխեմայում զեղծարարի ամենաարդյունավետ գործիքը ձեր վախն է։ Թույլ մի՛ տվեք, որ հաշիվը կորցնելու սպառնալիքը դրդի ձեզ գումարը կամավոր կորցնել։ Կանգ առեք, ոչինչ մի՛ վճարեք և ցանկացած անհանգստացնող հաղորդագրություն ստուգեք պաշտոնական աղբյուրների միջոցով։