
Արմինֆո.Բացվել է Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի մասնակցության գրանցումը։ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով համաժողովը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում, Dvin Music Hall-ում։
Միջոցառումն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել մարտի 3-ին, սակայն կազմակերպիչների վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով հետաձգվել էր։ Այժմ, նոր ամսաթվի հաստատումից հետո, մասնակցության գրանցումը բաց է բոլոր ցանկացողների համար։
Freedom Broker Armenia-ի կողմից կազմակերպվող համաժողովը միջազգային գործարար և մասնագիտական հարթակ է, որը մեկ հարկի տակ կհամախմբի ֆինանսական և ներդրումային ոլորտների, պետական կառույցների, բիզնես համայնքի և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների։
«Ներդրումային և ֆինանսական համաժողովը բովանդակային երկխոսության և կապիտալի շուկաների զարգացման երկարաժամկետ տեսլականի ձևավորման հարթակ է։ Մենք այն դիտարկում ենք որպես բաց հարթակ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի կայուն ֆինանսական ապագայով և միջազգային ֆինանսական համակարգում երկրի դերի ամրապնդմամբ»,- նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։
2026 թվականի համաժողովի առանցքում կլինեն Հայաստանի ներդրումային և ֆինանսական էկոհամակարգի զարգացման գործնական ուղղությունները, կապիտալի ներգրավման նոր հնարավորությունները, համաշխարհային տնտեսական փոփոխությունների պայմաններում Հայաստանի մրցակցային դիրքերի ամրապնդումը և միջազգային ֆինանսական համակարգում երկրի դերի ընդլայնումը։
Գործարար ծրագիրը կմիավորի լիագումար նիստ և պանելային քննարկումներ՝ նվիրված կապիտալի շուկաների զարգացմանը, ներդրումային գործիքներին, ֆինանսական հաստատությունների դերին, ֆինանսական ոլորտի թվային վերափոխմանը և մարդկային կապիտալի զարգացմանը։
Հայաստանյան և միջազգային փորձագետները կքննարկեն նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման հնարավորությունները, միջազգային կապիտալի ներգրավման մեխանիզմները, տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու երկրի ներուժը և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը։
Համաժողովը շարունակում է 2024 թվականին Երևանում կայացած առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովով մեկնարկած մասնագիտական երկխոսությունը։ Առաջին համաժողովը համախմբել էր ավելի քան 500 մասնակից՝ պետական, ֆինանսական և գործարար ոլորտների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ։
Այսօրվանից հիմնական ծրագրի առցանց գրանցումը հասանելի է համաժողովի պաշտոնական կայքում՝ https://forum.ffin.am/:
Համաժողովի մասին
Առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները․ հայացք ապագային», անցկացվել է 2024 թվականին և համախմբել ավելի քան 500 մասնակից։ Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կազմակերպմամբ համաժողովը դարձել է շուկայի առանցքային մասնակիցների փոխգործակցության առաջատար հարթակ՝ ներառյալ պետական մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները և լայն հանրությունը։
Freedom Broker Armenia-ի մասին
Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ ՍՊԸ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա») Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ապահովում է մուտք տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային և բրոքերային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արժեթղթերով գործառնություններ, ֆոնդային ներդրումներ, մասնակցություն IPO-ներին, ինչպես նաև ինքնուրույն առևտուր առցանց հարթակի միջոցով։
Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 10,54 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 10,3 մլրդ դոլար (2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Խումբը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում, ունի ավելի քան 10 000 աշխատակից, 232 գրասենյակ և ավելի քան 6,1 մլն օգտատեր թվային էկոհամակարգում։