Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2026 18:13
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է «CIIE» միջազգային ներմուծման ցուցահանդեսին իր մասնակցությունը խոչընդոտելու վերաբերյալ ՀԿ-ի հայտարարությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է «CIIE» միջազգային ներմուծման ցուցահանդեսին իր մասնակցությունը խոչընդոտելու վերաբերյալ ՀԿ-ի հայտարարությանը

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է «CIIE» միջազգային ներմուծման ցուցահանդեսին իր  մասնակցությունը խոչընդոտելու վերաբերյալ «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի հայտարարությանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ տարիներ շարունակ գերատեսչությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE)՝ միասնական ազգային տաղավարով։ Դրա շրջանակում «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն նախարարության աջակցությամբ ազգային տաղավարի կազմում մասնակցել է ցուցահանդեսին 2023-2025 թվականներին։

 

«2025 թվականի ցուցահանդեսի նախապատրաստական փուլում նախարարության ստացած տեղեկատվության համաձայն՝ կազմակերպությունը նախատեսել էր մասնակցել առանձին (կոմերցիոն) տաղավարով, ինչը թույլատրված չէ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թվականի փետրվարի 19-ի N 629-Ա հրամանով։

 

«Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն նախարարությանը պաշտոնապես հավաստիացրել է, որ ցուցահանդեսին մասնակցելու է բացառապես ՀՀ ազգային տաղավարի կազմում, ինչի հիման վրա նախարարությունը բավարարել է կազմակերպության մասնակցության հայտը։

 

Սակայն 2025 թվականին ՀՀ ազգային տաղավարի շրջանակում մասնակցության ընթացքում արձանագրվել են գործող կարգի պահանջներին անհամապատասխանություններ։ Տեղում պարզվել է, որ կազմակերպությունն ազգային տաղավարում ներկայացրել է այլ ընկերությունների արտադրանք, այդ թվում՝ տնտեսավարողների, որոնք սահմանված կարգով նախարարություն մասնակցության հայտ չեն ներկայացրել, ընտրության փուլ չեն անցել և համապատասխան պայմանագիր չեն կնքել։

 

Մինչդեռ՝ «Օտարերկրյա պետություններում միջազգային ցուցահանդեսներին ազգային տաղավարով մասնակցության» կարգի 3-րդ կետի համաձայն՝ ցուցադրող կարող է հանդիսանալ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, ոլորտային ասոցիացիան, հիմնադրամը կամ հասարակական կազմակերպությունը, որը ցուցահանդեսի շրջանակում ներկայացնում է բացառապես իր կողմից արտադրված ապրանքները և (կամ) մատուցվող ծառայությունները։

 

Հետևաբար, նախարարության որոշումը որպես ՀԿ-ի մասնակցությունը «միտումնավոր խոչընդոտելու» փորձ ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան իրականության միտումնավոր խեղաթյուրում։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստան–Չինաստան տնտեսական համագործակցության զարգացումը և աշխատանքներ է իրականացնում երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և հայկական արտադրանքի՝ չինական շուկայում առաջմղման ուղղությամբ։

Միաժամանակ, բոլոր կազմակերպությունների մասնակցությունը նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ենթադրում է սահմանված պահանջների և ընթացակարգերի խստագույն պահպանում», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։