
Արմինֆո. «Ամիօ Բանկը» ռեկորդային արագությամբ ՝ մեկնարկից ընդամենը 30 ժամ անց, ամբողջությամբ տեղաբաշխել է իր 6 մլրդ դրամ ծավալով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային և ոչ փոխարկելի դրամային պարտատոմսերը: Ինչպես նշվում է «Ամիօ Բանկի» հաղորդագրության մեջ, տեղաբաշխումը սկսվել է ս.թ. օգոստոսի 17-ին, իսկ արդեն օգոստոսի 19-ին հայտարարվել է հաջող ավարտի մասին:
"Արձանագրված արդյունքը վկայում է «Ամիօ Բանկի» նկատմամբ ներդրողների բարձր վստահության և առաջարկվող ֆինանսական գործիքի գրավչության մասին", - նշվում է հաղորդագրության մեջ:
Այդ տրանշի (AMARBBB2RER3) շրջանակներում թողարկվել է 60 հազար պարտատոմս ՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով: Արժեկտրոնի եկամտաբերությունը սահմանվել է 9,75%: Արժեկտրոնային վճարումների հաճախականությունը նախատեսված է եռամսյակը մեկ անգամ: Տվյալ թողարկման պարտատոմսերի ամբողջական մարումը տեղի կունենա 2029 թվականի օգոստոսի 17-ին։
Հաղորդագրության մեջ հիշատակվում է, որ գործող հարկային օրենսդրության համաձայն, պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտներն ազատված են եկամտահարկից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Պարտատոմսերը հուսալի ֆինանսական գործիք է, որը բանկային ավանդների նույն սկզբունքով երաշխավորվում է "Ավանդների փոխհատուցման երաշխավորման հիմնադրամի" կողմից:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՝ 2026 թվականի հունիսի վերջին, «Ամիօ Բանկը» սկսել էր 3 մլրդ դրամ ծավալով անվանական, ոչ փոխարկելի, արժեկտրոնային դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը, որի ավարտը նախատեսվում էր օգոստոսի 31-ին: Այն ժամանակ թողարկվել էր 30 հազար պարտատոմս' յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի նույն եկամտաբերությամբ' 9,75%: Այս պարտատոմսերի արժեկտրոնային վճարումների հաճախականությունը նույնպես նախատեսված է եռամսյակը մեկ անգամ: Այդ պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է (2 տարի):
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.06.2026 թ. տվյալների համաձայն, «Ամիօ Բանկը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ծավալով ՝ ավելի քան 42.1 մլրդ դրամ (114.6 մլն դոլար): Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշն աճել է 59 տոկոսով, իսկ եռամյա կտրվածքով ՝ գրեթե 5 անգամ։ «Ամիօ Բանկը» առաջատար 5-յակում է հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով' ակտիվներ (5-րդ տեղ), ընդհանուր պարտավորություններ (5-րդ տեղ), ընդհանուր կապիտալ (4-րդ տեղ), կանոնադրական կապիտալ (1-ին տեղ), վարկային պորտֆել՝ 4-րդ տեղ (զբաղեցնելով նույն դիրքը կորպորատիվ վարկերի գծով), ներդրումներ արժեթղթերում (3-րդ տեղ), ժամկետային ավանդներ (4-րդ տեղ): Զուտ շահույթը բանկն ավելացրել է տարեկան կտրվածքով 3 անգամ, իսկ երեք տարվա ընթացքում' 20 անգամ' ապահովելով այն ավելի քան 9.4 մլրդ դրամի մակարդակում (25.7 մլն դոլար)' այդ ցուցանիշով ընդհուպ մոտենալով առաջատար հնգյակին: