Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026 09:30
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Չեխիան ուսումնասիրում են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանն ու Չեխիան ուսումնասիրում են ջրային ռեսուրսների կառավարման  ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Արմինֆո. Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

 

Ջրային կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության և կեղտաջրերի մաքրման ոլորտներում իրականացվող ու նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև հայ-չեխական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

 

Ջրային կոմիտեի նախագահը նշել է, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։ Ղալամքարյանը ներկայացրել է առաջիկա 10-15 տարիներին շուրջ 25 ջրամբարի կառուցման ծրագրերը՝ անդրադառնալով նաև Կապսի ջրամբարի կառուցման, ծավալի ավելացման և Եղվարդի ջրամբարի վերականգնման հնարավորություններին։

 

Առանձին անդրադարձ է կատարվել կեղտաջրերի մաքրմանը։ ՋԿ նախագահը նշել է, որ առաջնահերթ խնդիր է կեղտաջրերի՝ առանց համապատասխան մաքրման բնական միջավայր արտահոսքի բացառումը։ Ղալամքարյանը նշել է, որ Սևանա լճի ավազանում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման և համապատասխան տեխնոլոգիական լուծումների ներդրման համար նախատեսվում է հայտարարել բաց միջազգային մրցույթներ։ Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրել փորձագիտական աջակցություն, ինչպես նաև ներկայացնել ջրային կառավարման ոլորտում մասնագիտացած չեխական ընկերությունների տեխնոլոգիական լուծումներն ու ծառայությունները։ Հայկական կողմին կփոխանցվի համապատասխան տեղեկատվական փաթեթ։

 

Կողմերը կարևորել են գործնական շփումների շարունակականությունը և պայմանավորվել ապահովել հետագա փորձագիտական հանդիպումների կազմակերպումը։