
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026-2031 թվականներին կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու ժամանակ, որոնք ավարտվել են ժամկետից երկու շաբաթ շուտ։
Կիևյան կամուրջը վերջին անգամ հիմնանորոգվել է 1995 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ ջրահեռացման խնդիրները լուծելու նպատակով: Հիմնանորոգումն իրականացվել է 20 տարվա երաշխիքով:
Աշխատանքների իրականացման պատասխանատուները վարչապետին զեկուցել են, որ հիմնանորոգման ընթացքում վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ, լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր, տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, իրականացվել են ճանապարհային գծանշման աշխատանքներ։
Դեֆորմացիոն կարերի հատվածում օգտագործվել է պոլիմեր-բետոնային հատուկ նյութ, որը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Այն նախատեսված է տրանսպորտային միջոցների անցման ժամանակ հարվածներն ու տատանումները հնարավորինս նվազեցնելու, կամրջի շահագործման անվտանգությունն ապահովելու և երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման, ինչպես նաև նախատեսված մյուս աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։