Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026 17:54
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 10-14-ը շատ ակտիվ իրականացվել են դոլարային գործարքներ

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 10-14-ը շատ ակտիվ իրականացվել են դոլարային գործարքներ

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների ակտիվությունն ուղեկցվել է ռուբլով գործարքների պասիվությամբ, իսկ եվրոյով գործարքներ կրկին դադարել են իրականացվել:

Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը 62,5% անկումից հասել է 12 անգամ զգալի աճի, իսկ ռուբլով գործարքների թրենդը շրջադարձ է կատարել հակառակ ուղղությամբ՝ 98% աճից մինչև 37% անկում։ Արդյունքում՝ վերականգնվել է դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ՝ 1,3 անգամ խզմամբ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ գերակշռությունը դեռ պահպանում էին ռուբլով գործարքները՝ 15 անգամ գերազանցելով դոլարային գործարքներին։

 

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (10-14.08.26՝ 03-07.08.26-ի համեմատ) դոլարի առքի միտումը աննշան աճի է հասել՝ վաճառքի անկման խիստ դանդաղման դեպքում, եվրոյով գործարքների դեպքում առքի նախանշվող կրճատումն ուղեկցվել է վաճառքի անկման արագացմամբ, իսկ ռուբլով գործարքների դեպքում նկատվել է վաճառքի աճ՝ առքի անկման միտումի դեպքում։

 

Արդյունքում՝ ս.թ. օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում դրամը սկսել է թուլանալ դոլարի նկատմամբ' 365,3-ից մինչև 365,5 դրամ/1դոլար, զուգահեռաբար շարունակելով թուլանալ եվրոյի նկատմամբ' 421-ից մինչև 421,5 դրամ/1եվրո, միաժամանակ, շարունակելով ամրապնդվել ռուբլու նկատմամբ' 4,28-ից մինչև 4,14 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2025թ. օգոստոսի 14-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 383,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ ՝ 446,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,76 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 5%-ով, 6%-ով և 13%-ով։