Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026 14:38
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կստեղծվի զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալների միասնական շտեմարան

Հայաստանում կստեղծվի զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալների միասնական շտեմարան

Արմինֆո.  Հայաստանում կստեղծվի զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալների միասնական շտեմարան։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի նիստում։

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարձրացման, տվյալների ամբողջականության ապահովման և ոլորտի կարգավորման գործընթացների թվայնացման անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ ներդրված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ծանուցման համակարգի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է հաստատել տվյալների միասնական շտեմարանի մասին դրույթները, որոնք կապահովեն ոլորտի վերաբերյալ տեղեկատվության կենտրոնացված հավաքագրումը, պահպանումը և մշակումը: Ներկայումս զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալները հավաքվում են տարբեր աղբյուրներից և չեն միավորվում մեկ տեղեկատվական հարթակում, ինչը դժվարացնում է պետական մարմինների կողմից ոլորտի նկատմամբ քաղաքականության մոնիտորինգը, վերլուծությունը և մշակումը: Ներկայիս իրավիճակը սահմանափակում է նաև պետական մարմինների միջև տվյալների փոխանակման արդյունավետությունը:

 

Սույն նախագծով առաջարկվում է ստեղծել զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալների միասնական շտեմարան, սահմանել դրա կառավարման, օգտագործման, հավաքագրման, պահպանման և տվյալների պաշտպանության կարգը, ապահովել տվյալների համատեղելիությունը պետական այլ տեղեկատվական համակարգերի հետ՝ "միասնական հարցման" սկզբունքի հիման վրա:

 

Տվյալների շտեմարանի ներդրումը կնպաստի պետական մարմինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը, վարչական աշխատանքի պարզեցմանը և բյուրոկրատական գործընթացների կրճատմանը, զբոսաշրջության ոլորտում վիճակագրական և վերլուծական կարողությունների զարգացմանը, ոլորտում թափանցիկության և վերահսկողության բարձրացմանը: