Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026 14:07
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ-ը շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետերում

ՊԵԿ-ը շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետերում

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները շուրջ 1,3 մլրդ դրամ ստվերային շրջանառություն են բացահայտել բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի կետերում:  Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։  

 

«ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով, իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմնին ներկայացվող հաշվարկներում: Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականություն, որից հետո իրականացվել են համալիր գործողություններ։ Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Այդ տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերվող ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:

 

Պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում , ընկերության կողմից, բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի  վաճառքից ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ ՀՀ դրամ։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 415 մլն ՀՀ դրամ։

Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռք բերված վառելիքի դիմաց պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր», - ասվում է հաղորդագրությունում։