
Արմինֆո.Ամռանը զեղծարարները փոխում են իրենց թիրախային լսարանը։ Մինչ մեծահասակները զբաղված են աշխատանքով, երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում և առցանց խաղերում։
Հենց այդ պատճառով էլ ամառային արձակուրդների շրջանում աճում է երեխաների և դեռահասների դեմ իրականացվող կիբերհարձակումների թիվը։ Սակայն հանցագործների նպատակը մնում է նույնը՝ ստանալ հասանելիություն հաշիվներին, սարքերին, իսկ ամենավատ դեպքերում՝ նաև ծնողների ֆինանսական միջոցներին։
Խաբեության մեխանիզմը․ «բոնուսներից» մինչև իրական վնաս
Զեղծարարներն ընտրում են երեխաների շրջանում ամենատարածված խաղերը (Minecraft, Roblox, Brawl Stars, Counter-Strike) և գործում ներխաղային չաթերի, թեմատիկ Telegram-ալիքների, TikTok-ի և YouTube-ի տեսանյութերի միջոցով։
Ահա ամենատարածված սխեմաները, որոնք նրանք կիրառում են.
«Անվճար խաղային արժույթ» կամ «հազվագյուտ մոդ»։ Երեխային առաջարկում են անցնել հղմամբ՝ անվճար խաղային արժույթ ստանալու կամ խաղի փոփոխված տարբերակը ներբեռնելու համար։ Կայքը կարող է լիովին նման լինել իրականին, սակայն ստեղծված է մուտքանունն ու գաղտնաբառը գողանալու նպատակով։ Երբեմն հղման փոխարեն անմիջապես ուղարկում են պատրաստի ֆայլ, որը ներբեռնելուց հետո հեռախոսում կամ համակարգչում հայտնվում են վնասաբեր ծրագրեր՝ վիրուսներ։
«Մրցաշար՝ մրցանակներով»։ Մեսենջերների կամ տեսանյութերի միջոցով տարածվում է խաղային մրցաշարի մասնակցության հրավեր։ Մասնակցության պայմանը հաշվի վերականգնման կոդը կազմակերպիչներին ուղարկելն է։ Այն պահին, երբ կոդը փոխանցվում է, խարդախները տիրանում են խաղային հաշվին, որից հետո կամ պահանջում գումար՝ այն վերադարձնելու համար, կամ զոհի անունից սպամ հաղորդագրություններ են տարածում։
«Վաստակիր՝ պարզապես խաղալով»։ Չաթերում առաջարկում են գումար՝ նոր խաղ փորձարկելու կամ նոր սոցիալական ցանցում գրանցվելու դիմաց։ Գրանցման ընթացքում հավաքվում են անձնական տվյալներ, որից հետո սկսվում են գումար կորզելու փորձերը՝ հենց երեխայից կամ նրա ընկերներից։
«Ադմինիստրատորը պահանջում է ստուգում»։ Այս սխեման հատկապես տարածված է CS2 խաղում։ Երեխային գրում է իբր սերվերի ադմինիստրատորը, մեղադրում խարդախ ծրագրեր (cheats) օգտագործելու մեջ և «ստուգման» նպատակով առաջարկում ներբեռնել ու գործարկել հատուկ ծրագիր։ Իրականում արխիվում գտնվում է հեռավար հասանելիության ծրագիր։ Այն գործարկելուց հետո զեղծարարը ստանում է համակարգչի լիարժեք կառավարման հնարավորություն՝ կարողանալով հետևել գործողություններին, գողանալ հաշիվներ կամ նույնիսկ արգելափակել համակարգիչը։
Կարևոր է
Կան նաև այնպիսի սխեմաներ, որոնց դեպքում զեղծարարները չեն սահմանափակվում միայն խաղային հաշիվներով։ Նրանք համոզում են երեխային վերցնել ծնողների հեռախոսը, մուտք գործել բանկային հավելված և «օգնել վճարում կատարել» կամ «հաստատել գործարքը»։ Նման դեպքերում վնասը չափվում է արդեն իրական գումարով, այլ ոչ թե խաղային գնումներով։
Բոլոր այս դեպքերում զեղծարարների գլխավոր հաշվարկը հիմնված է երեխայի վստահության, խաղային ոգևորության և անծանոթի «շահավետ առաջարկը» քննադատաբար գնահատելու անկարողության վրա։
Իրավական ծուղակը
Այս սխեմաների վտանգն այն է, որ արտաքինից ամեն ինչ թվում է որպես հենց օգտատիրոջ կողմից կատարված գործողություն. ինքն է անցել հղմամբ, ինքն է մուտքագրել գաղտնաբառը, ինքն է ներբեռնել ֆայլը։ Իսկ եթե երեխան օգտվել է ծնողի հեռախոսից և բանկային հավելվածի միջոցով իրականացրել է փոխանցում՝ գործարքը համարվում է հաստատված սարքի սեփականատիրոջ կողմից։ Արդյունքում իրավիճակի պարզաբանումը շատ ավելի բարդ է դառնում, իսկ գումարներն ու տվյալները վերադարձնելը՝ գրեթե անհնար։
IDBank-ը խորհուրդ է տալիս
Բացատրեք երեխային ամենակարևոր կանոնը. «անվճար խաղային արժույթը» և անծանոթներից ստացվող չափազանց շահավետ առաջարկները միշտ զեղծարարություն են։
Սովորեցրեք երբեք չներբեռնել ֆայլեր խաղային չաթերում ստացված հղումներով։ Բոլոր հավելումները և մոդերը ներբեռնեք միայն պաշտոնական աղբյուրներից և հավելվածների խանութներից։
Միշտ ստուգեք խաղային կայքերի հասցեները։ Կեղծ կայքերը հաճախ շատ նման են իրականներին, սակայն հասցեում ունեն լրացուցիչ նշաններ կամ տառեր։
Միացրեք երկփուլային նույնականացումը (2FA) բոլոր խաղային հաշիվների համար՝ էլեկտրոնային փոստի կամ SMS-ի միջոցով հաստատմամբ։
Երեխաներին մի տվեք այնպիսի հեռախոսներ, որոնցում բանկային հավելվածները հասանելի են առանց առանձին գաղտնաբառի կամ կենսաչափական նույնականացման։ Ֆինանսական հավելվածները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն։
Հետաքրքրվեք, թե երեխան ինչ և որտեղ է խաղում։ Հանգիստ զրույցն ու փոխադարձ վստահությունը լավագույն կանխարգելումն են։ Մի վախեցրեք երեխային, այլ բացատրեք հնարավոր ռիսկերը։
Հիշեք․ երեխայի սիրելի խաղը կարող է դառնալ զեղծարարների ազդեցության ամենահզոր գործիքը։ Իսկ միակ պաշտպանությունը ընտանիքում ձևավորված վստահությունն է, պարզ կանոնները և մշտական զգոնությունը։