Ուրբաթ, 31 Հուլիսի 2026 15:53
Մարիաննա Մկրտչյան

Կարծիք․ ԵԱՏՄ երկրների կողմից սահմանափակող միջոցների կիրառումն ինքնաբերաբար չի վկայում ինտեգրման նախագծի ճգնաժամի մասին 

Կարծիք․ ԵԱՏՄ երկրների կողմից սահմանափակող միջոցների կիրառումն ինքնաբերաբար չի վկայում ինտեգրման նախագծի ճգնաժամի մասին 

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դասվում է կարգավորվող ինտեգրացիոն միավորումների շարքին, որոնք անդամ պետություններին օժտում են ժամանակավոր սահմանափակումներ սահմանելու իրավունքով, եթե դրանք պայմանավորված են էներգետիկ, պարենային կամ այլ տնտեսական անվտանգության հարցերով, և նման քայլերն ինքնաբերաբար չեն վկայում ինտեգրացիոն նախագծի ճգնաժամի մասին:

Այդ մասին հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների սեկտորի ավագ գիտաշխատող Վահե Դավթյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ եթե Հայաստանի դեմ կիրառվող սահմանափակումները չվերացվեն, դա "ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը կլինի"։ 

Հայ փորձագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները կարող են դառնալ "ԵԱՏՄ վերջի սկիզբը", հետաքրքրություն է ներկայացնում, նախ և առաջ, տեսական տեսանկյունից: Դավթյանը կարծում է, որ այդ հայտարարությունը ցույց է տալիս տարածված սխալը, որն առնչվում է ընդհանուր շուկայի լիբերալ մոդելի պրիզմայով եվրասիական ինտեգրացիան մեկնաբանելուն, մինչդեռ, ԵԱՏՄ-ն ի սկզբանե ձևավորվել է որպես կարգավորվող ինտեգրման մոդել, որտեղ ապրանքների տեղաշարժի ազատությունը զուգորդվում է պետական կարգավորման զգալի ծավալի պահպանմամբ: 

Նրա խոսքով ՝ նման մոտեցումը բնորոշ է այն տեսություններին, որոնք ինտեգրումը դիտարկում են առավելապես որպես քաղաքական գործընթաց։ 

Դավթյանը հիշեցրել է, որ նեոֆունկցիոնալիզմը (Էռնստ Հաաս) բխում է ինտեգրման աստիճանական խորացումից spillover էֆեկտի միջոցով, մինչդեռ ինտերգովերնմենտալիզմը (Սթենլի Հոֆման, Էնդրյու Մորավչիկ) ընդգծում է ազգային պետությունների և քաղաքական շահերի որոշիչ դերը ինտեգրացիոն որոշումների կայացման գործում: 

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկու դեպքում էլ տնտեսական ինտեգրումը քաղաքական կամքի ածանցյալ է, այլ ոչ թե շուկայական ինքնավար մեխանիզմ։

"ԵԱՏՄ - ն պատկանում է կարգավորվող ինտեգրացիոն միավորումների կատեգորիային։ Սա նշանակում է, որ անդամ պետությունները պահպանում են ժամանակավոր սահմանափակումներ սահմանելու իրավունքը, եթե դրանք պայմանավորված են էներգետիկ, պարենային կամ այլ տնտեսական անվտանգության հարցերով։ 

Նման պրակտիկան բացառություն չէ և ինքնաբերաբար չի վկայում ինտեգրացիոն նախագծի ճգնաժամի մասին։ Բնորոշ օրինակ է Ղազախստանը, որը բազմիցս երկարաձգել է նավթամթերքի առանձին տեսակների արտահանման արգելքը, ներառյալ մատակարարումները  ԵԱՏՄ պետություններ, իսկ վերջերս որոշում է կայացրել պահպանել համապատասխան սահմանափակումները մինչև 2027 թվականի մայիսի 22-ը։ Հետևաբար, արտահանման առկա սահմանափակումները պետք է վերլուծել ոչ թե որպես ԵԱՏՄ  "կաթվածի" նշան, այլ՝ որպես կարգավորվող ինտեգրման առանձնահատկության դրսևորում", - ամփոփել է նա։