
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը որոշել է նորմատիվային հավելավճարը ՝ կապիտալի հակացիկլիկ բուֆերը (ԿՀԲ), ներկայում գործող 1,75% - ից հասցնել մինչեւ ռիսկով կշռված ակտիվների 2%-ի, և այդ նորմը ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարի 1-ից:
Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ-ի այսօր հրապարակված հաղորդագրությունումեջ, ԿԲ խորհուրդը նման որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 28-ին' մակրո-ֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությունը։
ԿՀԲ-ի վերաբերյալ ԿԲ-ի ներկայիս որոշումը հիմնավորող վերլուծությունը ցույց է տվել.Նախ, ֆինանսական ցիկլի ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ աճել է, ինչը, հիմնականում, պայմանավորված է վարկավորման և անշարժ գույքի շուկայում արձանագրված բարձր ակտիվությամբ: ՀՆԱ-ի նկատմամբ վարկերի գնահատված հարաբերակցությունը 2026թ. առաջին եռամսյակում աճել է մինչև 84% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի գրեթե 77,2% - ի դիմաց)։
Երկրորդ․ ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպը շարունակել է պահպանվել բարձր մակարդակով: Վարկավորման գրեթե բոլոր հիմնական ուղղություններով գրանցվել է բարձր ակտիվություն: Մասնավորապես, սպառողական վարկերի արագ աճի միտումները շարունակվել են, ինչը արտահայտվել է ինչպես պաշարային ցուցանիշի բարձր աճով, այնպես էլ 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրված նոր վարկերի ծավալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի բարձր աճով: Հիպոտեկային վարկերի պաշարային ցուցանիշի աճի տեմպը կայունացել է նախորդ տարիների համենստ ցածր մակարդակով: Այնուհանդերձ, 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին տրամադրված հիպոտեկային վարկերի ծավալները զգալիորեն գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիը: Արդյունքում, տնային տնտեսությունների պարտքի բեռը և պարտքի սպասարկման բեռը շարունակել են աճել և գտնվում են իրենց պատմական առավելագույն մակարդակին համարժեքին կամ գերազանցող մակարդակներում:
Երրորդ․ անշարժ գույքի շուկայում նախորդ տարվա համենստ արձանագրվել են գների աճի արագացման միտումներ: Հաշվի առնելով նախորդ տարիների հիպոտեկային և շինարարության ոլորտի վարկերի մեծածավալ տրամադրումները՝ բանկերի հաշվեկշիռներում վարկային ռիսկի հնարավոր կուտակման գործընթացների մշտադիտարկումը և դրանց հասցեագրումը շարունակում են մնալ Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում:
Չորրորդ․ համաձայն իրականացված մակրո սթրես թեստավորման գնահատականների, ֆինանսական ցիկլի ընթացիկ փուլում ենթադրյալ շոկի արդյունքում առաջացող անսպասելի կորուստների կլանման համար անհրաժեշտ հավելյալ կապիտալի մեծությունը գնահատվում է շուրջ 211 մլրդ. ՀՀ դրամ կամ ռիսկով կշռված ակտիվների 2.04%-ը:
Հինգերորդ, ներկայումս բանկային համակարգը բնութագրվում է շահութաբերության և կապիտալի համարժեքության բարձր մակարդակով: Այս պայմաններում կապիտալի կուտակման ծախսերը միանշանակ ցածր են, և բանկերի կապիտալիզացման ներկայիս մակարդակը բավարար է տնտեսության անխափան վարկավորումն ապահովելու համար:
Վեցերորդ․ ֆինանսական կայունության ռիսկերի ցանկում շարունակվում են գերակա մնալ տարածաշրջանային, արտաքին և քաղաքական բարձր անորոշություններից բխող ռիսկերը: Մասնավորապես, ընթացիկ հակամարտությունների պայմաններում մակրոմիջավայրի վրա կտրուկ, հանկարծակի և միաժամանակ ի հայտ եկող շոկերի հավանականությունը գնահատվում է բարձր:
Նշենք, որ ի սկզբանե բանկերի կապիտալի նորմատիվի ՝ կապիտալի հակացիկլիկ բուֆերի (ԿՀԲ) նկատմամբ հավելավճար սահմանելու մասին որոշումը Կենտրոնական բանկն ընդունել էր 2020թ. հուլիսի 31-ին՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 0%-ի մակարդակում՝ նույն տարվա օգոստոսից ուժի մեջ մտնելու պայմանով։ Այդ ժամանակվանից ի վեր ԿՀԲ-ի նշաձողը ավելի քան 2 տարի պահվել է զրոյական նշագծի վրա։ Այնուհետև, 2022 թվականի հոկտեմբերի 24-ին ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել ԿՀԲ՝ զրոյական նիշից մինչև 1%՝ այդ նորմն ուժի մեջ մտցնելով 2023 թվականի մայիսից։ Այնուհետև 2023 թվականի մայիսին որոշում կայացվեց բարձրացնել ԿՀԲ-ը նույն թվականի օգոստոսից մինչև 1,5%՝ պահպանելով այդ մակարդակը մինչև 2025 թվականի մայիս, որին հաջորդեց հետագա բարձրացում մինչև 1,75%, և այդ նշաձողը, դատելով ԿԲ ներկայիս որոշումից, կպահպանվի մինչև 2027 թվականի փետրվար։
Հակացիկլիկ հավելավճարը անհրաժեշտ է բանկի կորուստները ծածկելու համար՝ բանկային հատվածում համակարգային ռիսկի սահմանային արժեքներ առաջանալու դեպքում: «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգի» համաձայն, կարգավորիչը եռամսյակային կտրվածքով վերանայում է ԿՀԲ-ի շեմը: Այս հավելավճարի գործարկումը նպատակ ունի աջակցել բանկային հատվածի կայունությանը։ ԿՀԲ-ի փոփոխությունը (նվազման կամ բարձրացման ուղղությամբ) կախված է մակրո-ֆինանսական պայմաններից, անորոշության աստիճանից և համակարգային ռիսկերի զարգացման սցենարից: