Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026 16:36
Ալինա Հովհաննիսյան

Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձեռնարկությունների մասին․ Մեր նպատակը աշխատատեղերը փակելը չէ

Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձեռնարկությունների մասին․ Մեր նպատակը աշխատատեղերը փակելը չէ

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող կապարակնքված ձեռնարկություններում աշխատատեղերը չեն փակվել: Այդ մասին նա ասել է հուլիսի 30-ին ճեպազրույցում։

Որպես օրինակ նա նշել է "Արարատցեմենտը", որը ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը, սակայն ձեռնարկությունն արդեն աշխատում է, իսկ առաջիկայում կնշանակվի ժամանակավոր կառավարիչ: "Բոլոր այն վայրերում, որտեղ անհրաժեշտություն կա, որոշակի ժամանակով ձեռնարկությունների գործունեությունը կդադարեցվի, և մի քանի օր անց կամ ինչ-որ ժամանակահատվածից հետո դրանք կբացվեն և կաշխատեն: Մեր նպատակը աշխատատեղերի փակումը չէ", - պարզաբանել է կառավարության ղեկավարը։

Նա նշել է, որ խոսքը թալանը ժողովրդին վերադարձնելու խոստումը կատարելու մասին է։ Միևնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծել է, որ գործընթացները չեն դանդաղել և չեն արագացել, քանի որ 8-9 տարվա ընթացքում ձևավորվել են պետական ինստիտուտներ, և գործարկվել են որոշակի գործընթացներ: Այդ առնչությամբ նա տեղեկացրել է, որ գույքի ապօրինի բռնագանձման գործերով բոլոր հետաքննությունները սկսվել են դեռ 2 տարի առաջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալել և տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե: Նա մեղադրվում է խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու (լվանալու) համար։ Քննության վարկածով՝ 2022-2024 թվականներին նրա ղեկավարությամբ գործող խումբը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով Իրանի քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել է համատեղ իրավաբանական անձեր, որից հետո իրականացրել է խարդախ սխեմա ՝ պատճառելով ավելի քան 21 մլն դոլարի վնաս։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել ՝ ապօրինի որսի համար:

Հուլիսի 7-ին դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը ՝ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու մասին։ Գործի շրջանակներում հուլիսի 6-ին իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Ծառուկյանի հետ կապված ավելի քան 70 հասցեներում: Դրանից հետո բոլոր ձեռնարկությունների դռները կապարակնքվել են։