Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026 20:45

Ռուսաստանցիների շրջանում աճել է Հայաստանում բնակարանների նկատմամբ պահանջարկը․ «Վյորստկա»

Ռուսաստանցիների շրջանում աճել է Հայաստանում բնակարանների նկատմամբ պահանջարկը․ «Վյորստկա»

Արմինֆո. Ռուսաստանցիները սկսել են ավելի հաճախ բնակարաններ փնտրել Հայաստանում, իսկ Երեւանի վարձակալության շուկայում գներն աճել են, գրում է "Վյորստկա" թերթը՝ վկայակոչելով տեղի ռիելթորներին: 

Ռիելթորները պատմել են, որ նկատել են բնակարանների նկատմամբ "հսկայական պահանջարկ" ռուսաստանցիների շրջանում, որոնք մեկնում են, հիմնականում, Երեւան: Նրանք իրավիճակը համեմատում են 2022 թվականի հետ և նշում, որ Երևանում վարձակալության գները վերջին երեք ամիսներին աճել են մոտ 30% - ով։ 

"Վյորստկա"-ն ուշադրություն է դարձրել, որ ռուսաստանցիների շրջանում անշարժ գույքի որոնման տելեգրամյան ալիքներից մեկում ամեն օր տասնյակ նոր հայտարարություններ են հայտնվում նրանց կողմից, ովքեր արդեն ժամանել են Հայաստան կամ արտագաղթ են ծրագրում աշնանը:

Yandex Wordstat-ի տվյալներով՝ հուլիսի 13-ից 19-ը ընկած շաբաթվա ընթացքում "բնակարաններ Երևանում" հարցումների թիվը հասել է 5,2 հազարի։ 2022 թվականի փետրվարի 28-ից մինչեւ մարտի 6-ը ընկած շաբաթվա ընթացքում եղել են 5 հազար նման հարցումներ, իսկ առավելագույնը եղել է 2022 թվականի սեպտեմբերի մոբիլիզացիայի ժամանակ (գրեթե 10 հազար): 

ԱրմԻնֆո-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 1 073 գործարք, ինչը 32,3% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիների կողմից կատարված գործարքներին բաժին է ընկել 6,8% (մեկ տարի առաջ 6,5% - ի դիմաց)։ 

Ինչպես վկայում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի առյուծի բաժինը պատկանում է բնակարաններին՝ 60,2%, որոնց հաջորդում են ավտոտնակները՝ 13%, հողերը՝ 11%, առանձնատները՝ 10,3%, հանրային նշանակության շենքերը՝ 5%, իսկ ամենացածր տոկոսը բաժին է ընկնում արտադրական նշանակության շենքերի գնմանը՝ 0,3%: Հայաստանում անշարժ գույք առավել ակտիվոորեն գնում և վաճառում են ՌԴ, ԱՄՆ, Իրանի, եվրոպական եւ ԱՊՀ մի շարք երկրների քաղաքացիները: