
Արմինֆո. Հայաստանի 4 ձեռնարկություններում իրականացված ստուգումների ընթացքում չի հաստատվել նրանց կողմից հիվանդ կենդանիների կաթի, ինչպես նաև այլ երկրներից ներկրված հումքի օգտագործման փաստը:
Այդ մասին հաղորդում է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մամուլի ծառայությունը ՝ վկայակոչելով "Ռոսսելխոզնադզորի" հետ համատեղ հուլիսի 14-21-ը հայաստանյան 4 ձեռնարկություններում իրականացված ստուգումների արդյունքները , թեև վերջինս արդյունքները դեռ չի հրապարակել:
«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։ Ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում։
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս/թ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքերը ռուսական կողմը թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել: Ըստ ներկայացված փաստաթղթերի, արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ:
Տեսչական մարմինը հետևողական է, որպեսզի սննդամթերքի արտադրության ողջ շղթան համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված պահանջներին», - ասվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ երեկ "Ռոսսելխոզնադզորը" հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի կաթնամթերքի արտադրության մեջ հայտնաբերվել են խախտումներ ՝ հետագծելիության համակարգի ապահովման, հումքի և պատրաստի ապրանքների համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպման, մուտքային հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման, ռիսկերի կառավարման համակարգերի գործունեության և արտադրական հսկողության ծրագրերի իրականացման հետ կապված: Ընթացիկ ստուգման շրջանակներում հաստատվել է նաև վարակված անասունների կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող մթերքների արտադրության համար:
Բացի այդ, ստուգումները հաստատել են ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության համար երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքերը՝ չնայած հայրենական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքի օգտագործման մասին Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից նախկինում տրամադրված հավաստիացումներին: Այդ առնչությամբ գերատեսչությունը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ։