Ուրբաթ, 24 Հուլիսի 2026 16:06
Ալինա Հովհաննիսյան

ԲՏԱՆ-ը ՄԱԶԾ-ի հետ համատեղ կիրականացնի մասսայական տեխնոլոգիական ուսուցման ծրագիր

ԲՏԱՆ-ը ՄԱԶԾ-ի հետ համատեղ կիրականացնի մասսայական տեխնոլոգիական ուսուցման ծրագիր

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) «Մասսայական ուսուցում» ծրագիրը 2026 թվականին կիրականացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ՝ վերջինիս «NEST հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության շրջանակում։

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, ծրագրի նպատակն է թվային և ԱԲ գրագիտության, կիբեռանվտանգության կիրառման և արդյունավետ օգտագործման հետ կապված մարտահրավերների համալիր հաղթահարումը երկրում՝ մասսայական կրթության համակարգային մեխանիզմի փորձարկման միջոցով։ Այն հնարավորություն կտա ապահովել նոր ձևավորվող և պահանջարկ ունեցող թվային հմտությունների արագ, շարունակական և կիրառական տարածումը Հայաստանի բնակչության տարբեր խմբերի շրջանում՝ խթանելով նոր տեխնոլոգիաների արագ յուրացումն ու արդյունավետ կիրառումը։

Հուլիսի 21-ին կազմակերպվել էր աշխատարան՝ ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ։ Ներկա էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի, «Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի», «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության, «Ինովացիոն կենտրոն» հիմնադրամի, Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի և «8.18 Քոնսալթինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա կարևորել է ծրագրի շարունակական իրականացումը՝ նշելով, որ մարդկային կապիտալի զարգացումը բխում է բարձր տեխնոլոգիական ռազմավարության առաջնահերթություններից։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համակարգող Անի Մանուկյանը ներկայացրել է նախաձեռնության նպատակները, կառուցվածքը, թիրախային խմբերը, յուրաքանչյուր փուլի առաձնահատկությունները։ Մասնակիցներին ներկայացվել են նաև զբաղունակության գնահատման, մշտադիտարկման և գնահատման, հաղորդակցության, տեսանելիության և բրենդավորման գործընթացներին վերաբերող հիմնական պահանջները։

Աշխատարանի ընթացքում գործընկեր կազմակերպությունները հնարավորություն  են ունեցել  ծանոթանալու ծրագրի իրականացման մանրամասներին, քննարկելու համագործակցության ձևաչափերը և հստակեցնելու առաջացած հարցերի պատասխանները։

Ծրագիրը կիրականացվի Երևանում և Հայաստանի մարզերում՝ ընդգրկելով ավելի քան 1300 մասնակցի։ Դասընթացները կմեկնարկեն օգոստոսից՝ հնարավորություն ընձեռելով բնակչության լայն շերտերին ձեռք բերելու զբաղվածության և մրցունակության համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիական հմտություններ, ներառյալ՝ թվային և արհեստական բանականության գրագիտություն և կիբեռանվտանգություն։