Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026 19:18
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Հունաստանը էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտում երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու Հունաստանը էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտում երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցության մասին հուշագիր են ստորագրել

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի էներգետիկայի, թափոնների և ջրային ռեսուրսների (RAAYE) կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

 

Ինչպես հաղորդում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը,  հուշագրի նպատակն է խորացնել և զարգացնել երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցությունը էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում:

 

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի կարգավորող մարմինների միջեւ համագործակցության հաստատումը:

 

"Վստահ եմ, որ փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի փորձի և առաջատար կարգավորիչ պրակտիկայի փոխանակման, մասնագիտական ներուժի ամրապնդման և համապատասխան ոլորտներում արդյունավետ կարգավորում ապահովելու համար", - ասել է նա:

 

Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասն, իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանի կարգավորող մարմնի հետ համագործակցությունն իրենց համար մեծ նշանակություն ունի: "Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների կարգավորիչ համակարգերի զարգացման համար", - հայտարարել է նա:

 

Մինչ հուշագրի ստորագրումը կողմերը քննարկել են Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, նրանք պայմանավորվել են փոխգործակցել մի շարք առանցքային ուղղություններով, ներառյալ էլեկտրաէներգետիկայի, բնական գազի, վերականգնվող էներգետիկայի եւ ջրային հատվածի կարգավորումը, սակագնային քաղաքականությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, ծառայությունների որակի բարձրացումը, կարգավորիչ մեթոդաբանությունների կատարելագործումը եւ ջրային ռեսուրսների կայուն կառավարման ապահովումը: