Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026 16:52
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը

Արմինֆո.  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Այկլերին։

 

 

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ արձանագրելով վերջին շրջանում գրանցված դրական առաջընթացը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ (ՇՏԿ) տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր։

 

Նախարարը վստահություն է հայտնել, որ ձևավորված արդյունավետ գործակցությունը կնպաստի գործընթացի հետևողական առաջմղմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական օրակարգի հետագա զարգացմանը։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն,  Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-մայիսին աճել է 28,2% - ով՝ կազմելով 198,7 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը կազմել է 15,8 մլն դոլար՝ տարեկան 33% անկմամբ՝ ներմուծման 39,2%-ով,  մինչև 182,8 մլն դոլար աճի ֆոնին։