Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026 18:07
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը և ՄԱԿ-ը քննարկել են Հայաստանի գյուղատնտեսության զարգացման առաջիկա 3 տարվա ծրագիրը

Էկոնոմիկայի նախարարությունը և ՄԱԿ-ը քննարկել են Հայաստանի գյուղատնտեսության զարգացման առաջիկա 3 տարվա ծրագիրը

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատաժողով, որը նվիրված էր գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջիկա երեք տարիների ռազմավարական առաջնահերթությունների և գործողությունների պլանավորմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստան–ՄԱԿ 2026–2030 թվականների կայուն զարգացման համագործակցության շրջանակը, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի 2026–2030 թվականների ռազմավարական փաստաթղթերի հիմնական ուղղությունները։ Կարևորվել է համագործակցության շարունակական զարգացումը՝ Հայաստանում նորարար, կայուն և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսության խթանման նպատակով։

Ընդգծվել է մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգի ձևավորման կարևորությունը, որը կնպաստի երկրի պարենային անվտանգության ամրապնդմանը և գյուղական բնակավայրերի կայուն զարգացմանը։

Աշխատաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերի 18–30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և դրա շրջանակում նախատեսվող՝ կենսաբազմազանության և գյուղատնտեսության թեմային նվիրված միջոցառմանը, որը կարևոր հարթակ կլինի Հայաստանի փորձն ու մոտեցումները միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։