Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026 20:32

Viva-ն հայտարարել է Ovio-ի ձեռքբերման գործարքի կնքման մասին

Viva-ն հայտարարել է Ovio-ի ձեռքբերման գործարքի կնքման մասին

Արմինֆո.«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է Ovio ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման մասին։ Այդ մասին ասվում է հեռահաղորդակցության օպերատորի պաշտոնական կայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարքը ռազմավարական քայլ է Viva-ի զարգացման ուղղությամբ։ Ընկերությունը նպատակ ունի ձևավորելու լիարժեք կոնվերգենտ հարթակ, որը մեկ միասնական էկոհամակարգում կմիավորի շարժական կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, հեռահաղորդակցային տրանսպորտային ենթակառուցվածքը և թվային ծառայությունները։

 

Viva-ի առանցքային ռազմավարական առավելությունը թվային կոնվերգենտությունն է՝ մոդել, որի շրջանակում շարժական և ֆիքսված կապի ծառայությունները, բովանդակային, ամպային և այլ թվային ծառայությունները միավորվում են՝ ձևավորելով հաճախորդների համար համալիր լուծումներ։

 

Viva-ի կառուցվածքում լիարժեք ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդելու իր ենթակառուցվածքային ներուժը, այլև բարձրացնելու պրոդուկտային առաջնորդության մակարդակը՝ ապահովելով ծառայությունների և լուծումների պորտֆելի առավելագույն դիվերսիֆիկացում։

 

Ovio-ի ինտեգրումը կընդլայնի Viva-ի հնարավորությունները ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտում, կհզորացնի ընկերության օպտիկամանրաթելային, մալուխային և ռադիոռելեական ենթակառուցվածքը, ինչպես նաև հիմք կստեղծի ազգային մասշտաբի առավել հզոր, կայուն և արդյունավետ՝ հեռահաղորդակցային տրանսպորտային ցանցի ձևավորման համար։ Ակտիվների միավորումը հնարավորություն կտա ավելի արագ գործարկելու կոնվերգենտ ծառայություններ, ձևավորելու ավելի շահավետ փաթեթային առաջարկներ և զարգացնելու թվային բիզնեսի նոր ուղղություններ՝ ֆիզիկական անձանց, կորպորատիվ և պետական հաճախորդների համար։

 

Կարևոր է նաև ժամանակակից սերտիֆիկացված տվյալների կենտրոնը (Data Center), որը կուժեղացնի Viva-ի ենթակառուցվածքային հնարավորություններն ամպային ծառայությունների, տվյալների պահպանման և մշակման ոլորտներում։ Սեփական տվյալների կենտրոնի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ հիմք նոր սերնդի ծառայությունների զարգացման համար, ներառյալ՝ արհեստական բանականության և այլ առաջադեմ թվային տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումները։

 

«Ovio-ի ձեռքբերումը Viva-ի համար ունի երկարաժամկետ ռազմավարական նշանակություն և լիովին համապատասխանում է ընկերության թվային փոխակերպման, բիզնեսի դիվերսիֆիկացման և տեխնոլոգիական առաջատարության ամրապնդման ուղղությանը։ Մեր ռազմավարական առավելությունը թվային կոնվերգենտն է։ Մենք հետևողականորեն ձևավորում ենք էկոհամակարգ, որտեղ բջջային կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, ամպային, բովանդակային և այլ թվային ծառայությունները գործում են որպես մեկ ամբողջություն։ Սեփական ֆիքսված ցանցային ենթակառուցվածքի ձևավորումն ու զարգացումը Viva-ին հնարավորություն կտան զգալիորեն ամրապնդել ոչ միայն ենթակառուցվածքային հնարավորությունները, այլև արտադրանքային առաջատարությունը՝ ապահովելով պրոդուկտային պորտֆելի առավելագույն դիվերսիֆիկացում և հաճախորդների փորձառության նոր մակարդակ», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

 

Viva-ի և Ovio-ի ցանցային ենթակառուցվածքների միավորումը կապահովի թողունակության աճ, տվյալների փոխանցման արագության բարձրացում, ինչպես նաև կապի որակի և հուսալիության բարելավում։ Ցանցի միասնական կառավարումը հնարավորություն կտա ավելի արագ միացնելու ծառայությունները մասնավոր և բիզնես հաճախորդների համար, ավելի արդյունավետ զարգացնելու բազային կայանների ենթակառուցվածքը և արագացնելու կապի հաջորդ սերունդների տեխնոլոգիաների ներդրումը։

 

Գործարքը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի հեռահաղորդակցային կայունության համար։ Ինտերնետ-թրաֆիկի միջազգային մատակարարման ուղիների ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը կամրապնդեն Հայաստանի կապակցումը համաշխարհային թվային ենթակառուցվածքի հետ և կբարձրացնեն կապի հուսալիությունը, այդ թվում՝ բարձր ծանրաբեռնվածության և արտակարգ իրավիճակների պայմաններում։

 

Ovio-ի բաժանորդները կշարունակեն օգտվել գործող ծառայություններից նույն պայմաններով։ Viva-ն կապահովի ծառայությունների անխափան մատուցումը, կապի որակի պահպանումը և հաճախորդների փորձառության շարունակական զարգացումը՝ արդեն միավորված ենթակառուցվածքի շրջանակում։

 

"Viva" ընկերությունը ("Վիվա Արմենիա" ՓԲԸ) (սկզբնական փուլում ՝ "Վիվասելլ") գործունեության իրականացման լիցենզիա է ստացել 2004 թվականին: Գործունեությունը սկսել է 2005 թվականից։ 2007 թվականի սեպտեմբերին, բաժնետոմսերի 80% - ի վաճառքից հետո, ընկերությունը դարձավ ԱՊՀ տարածքում խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություններից մեկի' ռուսական "Մոբիլնիե Տելեսիստեմի" ("ՄՏՍ") ընկերության դուստր ձեռնարկությունը: 2008 թվականին իրականացված կո-բրենդինգի արդյունքում փոխվել է ընկերության լոգոտիպը․ "ՎիվաՍել"-ը դարձավ "ՎիվաՍել-ՄՏՍ"։ Այդ տարվա ընթացքում ընկերությանը հաջողվեց նաև ձեռք բերել շուկայի զգալի մասնաբաժին ՝ գերազանցելով 78%-ը։ 2009 թվականին "Վիվա" - ն գործարկեց 3G ցանցը և արդեն 2010 թվականին ապահովեց 3G ծածկույթը Հայաստանի ողջ տարածքում: 2009 թվականին ընկերությունը գործարկեց  4G ցանց՝ վայրկյանում 150 Մբիթ արագությամբ ։ Ներկայումս 4G ցանցը հասանելի է Հայաստանի բնակչության մոտ 99,4% - ին: 2023 թվականի ապրիլի 6-ին "Վիվա"-ն հայտարարեց Երևանի փոքր կենտրոնում, այնուհետև Գյումրիում 5G ցանցի գործարկման մասին։ 2019 թվականի օգոստոսին "ՄՏՍ" ՓԲԸ-ն ձեռք բերեց "Վիվա" - ի բաժնետոմսերի մնացած 20% - ը։ Ունի 4 ցանցային կոդ՝ 93, 94, 77, 98 ։ Ընկերությունը հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն հարկատուն է և Հայաստանի խոշորագույն հարկատուների շարքում է: "Վիվա" - ի բաժանորդների թիվը Հայաստանում գերազանցել է 2 միլիոնը։

 

Դեռևս 2024 թվականի հունվարին "Վիվա-ՄՏՍ" ընկերությունը հայտարարեց սեփականատիրոջ փոփոխության մասին և դուրս եկավ ռուսական "ՄՏՍ" խմբի կազմից։ "ՄՏՍ Արմենիա" ՓԲԸ նոր բաժնետեր դարձավ եվրոպական և ասիական ներդրողներին պատկանող Fedilco Group Limited ընկերությունը: Fedilco Group Limited-ը Կիպրոսում գրանցված ընկերություն է, որի վերջնական շահառուներն են Չժե Չժանը և Կոնստանտին Սոկոլովը: Հաշվի առնելով "ՄՏՍ Արմենիա" ՓԲԸ - ի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար ՝ Fedilco Group Limited-ը "ՄՏՍ Արմենիա" - ի բաժնետոմսերի 20% - ն անհատույց փոխանցել է պետությանը ՝ Հայաստանի Հանրապետությանը: 2024 թվականի մարտի 25-ին "ՄՏՍ Արմենիա" ֆիրմայի անվանումը փոխվեց "Վիվա Արմենիա" ՓԲԸ:

 

Նշենք նաև, որ GNC-ALFA-ն (նախկին Ռոստելեկոմ Հայաստանը) Հայաստանի հեռահաղորդակցության շուկա է մուտք գործել 2009 թվականին ՝ կառուցելով ավելի քան 3000 կմ մայրուղային ցանց և դառնալով ինտերնետի մեծածախ շուկայի հիմնական դերակատարը ՝ զգալիորեն նվազեցնելով մեծածախ ինտերնետի շուկայական գինը երկրում ։ 2012թ. - ից ընկերությունը ներդրել է «օպտիկա յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան Երևանում և ՀՀ մարզերում ՝ դրանով իսկ ապահովելով թվային հավասարություն և նպաստելով առողջ մրցակցության ձևավորմանը ինտերնետ և թվային հեռուստատեսության ծառայությունների շուկայում: Մինչև 2024 թվականը ընկերությունը Հայաստանում ներդրել է ավելի քան 37 մլրդ դրամ և վճարել 14 մլրդ դրամ հարկեր:

 

Նոր ապրանքանիշի ներքո ընկերությունը դուրս է եկել կապի դասական օպերատորի շրջանակներից ՝ վերափոխելով և տրամադրելով մի շարք թվային և ամպային ծառայություններ: 2024թ. մայիսին OVIO ընկերությունը ք. Աբովյանում (Կոտայքի մարզ) բացեց տվյալների մշակման ամենամեծ և հզոր կենտրոնը Հայաստանում ։

 

Գործարքի արժեքը պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն TEAM - ի և UCOM-ի մյուս օպերատորների, Viva-ն չուներ իր ինտերնետ հեռուստատեսությունը: Այժմ, կլանումից հետո, Viva-ն հավասարեցնում է իր մրցակցային շուկայական դիրքերը հեռահաղորդակցության շուկայում երկու մյուսլ կարևոր դերակատարների հետ: Գործարքի արժեքի մասին չի հաղորդվում: