
Արմինֆո.Հայաստանի սպառողների համար բնական գազի սակագները չեն փոխվի։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունեցել հուլիսի 1-ին՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ:
Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա, հանձնաժողովի կողմից նախաձեռնված սակագների վերանայման գործընթացի շրջանակներում, հաշվի առնելով սակագների վրա ազդող բոլոր դրական և բացասական գործոնները, վերանայվել են բնական գազի հաղորդման համակարգի օպերատորի, բաշխման և գազամատակարարման ծառայությունների սակագները, ինչը չի ազդի բնակիչ-բաժանորդների վճարումների վրա:
Այսպիսով, ինչպես նշվում է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ, բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի օգոստոսի 1-ից։