
Արմինֆո. Տալլինում կանցկացվի «Made in Armenia Expo» ցուցահանդեսը՝ խթանելու հայ-էստոնական տնտեսական համագործակցության զարգացումը։ Այդ մասին հաղորդում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատանքները միջազգային գործընկերների հետ՝ հայկական արտադրանքի՝ դեպի միջազգային, այդ թվում՝ ԵՄ շուկաներ արտահանման ուղղությունների զարգացման և այդ շուկաներում ներկայացվածության խթանման ուղղությամբ։
Այդ նպատակով հուլիսի 3–4-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում՝ «Kultuurikatel» մշակութային կենտրոնում, կանցկացվի «Made in Armenia Expo» ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն շուրջ 50 հայկական արտադրողներ։
Միջոցառմանը կներկայացվի հայկական արտադրանքի լայն տեսականի՝ բարձրորակ սննդամթերք, գինիներ և այլ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ, օրգանական գյուղատնտեսական արտադրանք, տեքստիլ, կաշվե իրեր և ձեռագործ աշխատանքներ։
Ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Էստոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսի նախաձեռնությամբ՝ «DVIN» էստոնահայ համայնքի հետ համատեղ և տեղում Էստոնիայի ԱԳՆ գործուն աջակցությամբ, բաց է գործարար համայնքի, համապատասխան ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև հայկական արտադրանքով և Հայաստանի արտահանման ներուժով հետաքրքրված բոլոր այցելուների համար։
«Հրավիրու՛մ ենք մասնակցել տոնավաճառին։ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները կշարունակեն տնտեսական ու գործարար կապերի բազմազանեցմանն ուղղված նախաձեռնություններին աջակցող քաղաքականությունը», - ասվում է հաղորդագրությունում։