
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հաջորդ նիստում որոշում կկայացնի ծաղիկ արտադրողների համար փոխհատուցման ծավալների ավելացման մասին, ինչը կօգնի նրանց մեծացնել արտահանման մատակարարումները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա խոստովանել է, որ այս ոլորտում առկա են խնդիրներ, քանի որ ծաղկի արտադրության ծավալները զգալիորեն գերազանցում են արտահանման ծավալները։ Նախարարը նշել է, որ հունիսին Հայաստանն արտահանել է ավելի քան 4 միլիոն ծաղիկ, իսկ պետական աջակցության գործիքների ընդլայնման շնորհիվ նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 6-10 միլիոնի։
Պապոյանը նաև պատմել է, որ Royal Flora Holland-ի հետ բանակցություններին մասնակցել են հայաստանյան վեց խոշոր արտադրողներ։ Եթե բանակցային գործընթացի սկզբում եվրոպացի գործընկերները մեծ հետաքրքրություն չէին ցուցաբերում, ապա այժմ իրավիճակը փոխվել է։ Հայկական կողմն առաջարկել է փոխշահավետ բանաձև՝ պատրաստակամություն հայտնելով իր վրա վերցնել գնորդի իրավունքների պաշտպանության ծախսերը։
«Այժմ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորություն ստանանք մեր արտադրանքն իրացնել աճուրդի միջոցով», - ասել է էկոնոմիկայի նախարարության ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ծաղիկների և դեկորատիվ բույսերի վաճառքի աշխարհի խոշորագույն կոոպերատիվ առևտրային հարթակը՝ Royal Flora Holland-ը, հայտարարել էր, որ բացում է իր շուկան հայկական ծաղիկների համար։
Կազմակերպությունը միավորում է հազարավոր արտադրողների և ամեն օր աճուրդների համակարգի ու թվային հարթակի միջոցով ապահովում է միլիոնավոր ծաղիկների և բույսերի առևտուր՝ կապելով մատակարարներին Եվրոպայի և աշխարհի այլ տարածաշրջանների գնորդների հետ։
Հիշեցնենք նաև, որ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող ծաղկային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։
Նշենք, որ Հայաստանն ավանդաբար ծաղիկներ է արտահանել ԵԱՏՄ և ԱՄԷ շուկաներ։ 2025 թվականի արդյունքներով ծաղիկների արտահանումը կազմել է 1320 տոննա կամ 78 միլիոն ծաղիկ։