Երկուշաբթի, 29 Հունիսի 2026 12:02
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարարությունը միջազգային ներդրողներին է ներկայացրել հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարարությունը միջազգային ներդրողներին է ներկայացրել հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները

Արմինֆո.Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են միջազգային «Lion Finance Group» ընկերության կազմակերպած «Investor Day» (Ներդրողի օր) միջոցառմանը։

Ինչպես հայտնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառումը կարևոր հարթակ է միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների ու վերլուծաբանների հետ փոխգործակցության համար, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներն ու երկրի տնտեսության հեռանկարները։

Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանում գործող մի շարք առաջատար միջազգային ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Firebird»-ը, «M&G Investments»-ը և «Morgan Stanley»-ն, ինչպես նաև «Citigroup»-ի և «JPMorgan Chase»-ի ավագ վերլուծաբաններ։

Ըստ աղբյուրի՝ իր ելույթի ընթացքում Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը մակրոտնտեսական կայունության պահպանմանը, պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանը և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը։